Բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է ներառել սննդակարգում ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ սովորաբար վերանայում են իրենց սննդակարգն ու բացառում բարձ յուղայնություն և բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքի բոլոր տեսակները, քանի որ դրանք ասոցացվում են բացառապես քաշի ավելացման հետ, սակայն մասնագետները վստահ են, որ կան նման մթերքի տեսակներ, որոնցից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել։

Սննդաբանները ներկայացրել են բարձր յուղայնությամբ ու բավական բարձր կալորիականությամբ սննդամթերքի տեսակներ, որոնց մեջ պարունակվող ճարպերը յուրացվում են և մասնակցում են օրգանիզմում ընթացող շատ կարևոր ֆիզիոլոգիական գործընթացներին՝ արագացնելով նյութափոխանակության գործընթացն ու օգնելով ավելի արագ ազատվել ավելորդ ճարպաշերտերից։ Բացի այդ, դրանցում պարունակվող օգտակար ճարպերը հարկավոր են որոշ վիտամինների ու հանքանյութերի յուրացման համար, իսկ այս տարրերն, իրենց հերթին, ամրապնդում են իմունային համակարգն ու օգնում են պահպանել սլացիկ կազմվածքը։

Ընկույզներ

Ընկույզները պարունակում են չհագեցած ճարպեր, որոնք շատ օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Բացի այդ, դրանք սպիտակուցների ու մանրաթելերի հարուստ աղբյուր են, իսկ այս տարրերն օգնում են արագ հագենալ և բավական երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին։ Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական մի բուռ ընկույզ ուտել։ Ընդ որում՝ այս մթերքը ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին։

Ավոկադո

Բավական բարձր կալորիականություն ունեցող այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, ֆոլատներ, մանրաթելեր և վիտամին К։ Բացի այդ, այն հարուստ է հագեցած ճարպերով, որոնք օգնում են օրգանիզմին լավ յուրացնել A, D և E վիտամինները։ Նիհարել ցանկացողներին մասնագետները խորհուրդ են տալիս համադրել ավոկադոն այնպիսի սպիտակուցային մթերքի հետ, որի մարսման համար օրգանիզմից բավական երկար ժամանակ կպահանջվի Օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել ավոկադոյի և անյուղ մսի համադրութունը։

Ճարպայուղ

Սլավոնական խոհանոցում հայտնի կենդանական ծագման այս մթերքն ունի չափազանց բարձր կալորիականություն, ուստի հաճախ մարդիկ խուսափում են դրանից, սակայն մասնագետները նշում են, որ օրական 60-80 գրամ աղով ու սխտորով մշակված ճարպայուղ ուտելը կարող է շատ օգտակար լինել նիհարել ցանկացողների համար։ Բանն այն է, որ այն հարուստ է շատ կարևոր ամինաթթուներով, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, ինչպես նաև բարելավում են սրտամկանի և անոթների աշխատանքը։

Կաթնամթերք

Բարձր յուղայնությամբ և բարձր կալորիականությամբ կաթնամթերքը թույլ է տալիս երկար ժամանակ խուսափել քաղցի զգացումից և արդյունավետ կերպով ազատվել ավելորդ քաշից։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցներով, կալցիումով, վիտամին D-ով, կալիումով և օգտակար բակտերիաներով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար և օգնում են կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։

Մուգ շոկոլադ

Հետազոտությունները ցույց են տվել, որ մուգ շոկոլադը հագեցնում է քաղցն և խթանում է շաքարի փոխանակությունը, ինչի շնորհիվ էլ կանխում է քաշի ավելացումն ու շաքարային դիաբետի զարգացումը։ Օրական մի քանի կտոր մուգ շոկոլադ ուտելը կարող է շատ օգտակար լինել առողջության համար, քանի որ այն հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր հակաօքսիդանտային տարրերով՝ ֆլավոնոլներով ու պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացների մակարդակը, ինչն էլ համարվում է ճարպային հյուսվածքների աճի հիմնական պատճառներից մեկը։

Share This