Անձնագիր փոխելը, երբեք այսքան թանկ հաճույք չէր եղել

AmbionNews-ը վերջին շրջանում քաղաքացիներից ստացել է դժգոհություններ, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանումներում մարդիկ օրերով հերթ են կանգնում։ Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների ստորաբաժանումները կենտրոնացրել են մեկ տեղում․ Ամասիայի ստորաբաժանումը միացել է Աշոցքին, Մարալիկ` Արթիկին, Ախուրյանինը՝ Գյումրիի Մուշի բաժնի միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների ստորաբաժանմանը։

Քաղաքացիներից շատերը օնլայն են գրանցվում, բայց դա էլ նրանց չի փրկում, որ սպասեն։
Սվետլանա Սարգսյանը Ախուրյանից է եկել, ասում է` մի թղթի համար ժամերով սպասում է։
«4-5 ժամ է՝ սպասում եմ, բայց դեռ հերթս չի հասել, չեմ հասկանում էս ինձ վիճակ է անձնագրային էս կետերում, ոնց որ միտումնավոր նեռվայնացնեն մարդկանց։ Ես Ախուրյանից եմ եկել ու էսքան սպասել եմ, բայց չգիտեմ երբ հերթս կհասնի։ Ես չեմ հասկանում, թե քանի օր պետք է գնալ-գալ, որ վերջնականապես պրոցեսը ավարտվի»,- մեզ հետ զրույցում ասում է Սվետլանա Սարգսյանը։

Տիկին Սվետլանան ասում է, որ ծանոթներ էլ ունի, որոնց դեպքում խնդիրը ավելի լուրջ է, այսինքն` անձնագրային հարցը լուծելու համար ստիպված են 30-40 կմ ճանապարհ անցնել։
«Տարբեր համայնքներ բերել, կենտրոնացրել են մի տեղ, սա շատ աննպատակ միացում է։ Ժամանակին ամեն համայնքում կատարվում էր էդ պրոցեսը, որը առանձնապես երկար ժամանակ չի պահանջում, աշխատատար էլ չէ, սակայն չգիտես ինչու ամեն ինչ բարդացնում են, ավելորդ քաշքշուկ է սկսվում։ Անձնագիր է, տեղում փոխում էին մի օրվա ընթացքում տալիս էին…շատ տհաճ վիճակ է»,-ասում է կինը։
Գյումրեցիների խոսքով` հերթական անգամ ունքը սարքելու փոխարեն, աչքն են հանում։

Share This