Անգլիայի լիգայի գավաթ. «Արսենալը» հաղթեց «Բոլտոն Ուոնդերերսին», «Լիվերպուլը»՝ «Վեստ Հեմ Յունայթեդին»
«Արսենալը» Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր Առաջին լիգայում հանդես եկող «Բոլտոն Ուոնդերերսին» և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Զինագործների կազմում հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Դեկլան Ռայսը, մինչև ընդմիջում՝ 37-րդ րոպեին, թիմի 17-ամյա հարձակվող Իտան Նվաներին կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Նվաներին դուբլ է ձևակերպել՝ Ռայսի փոխանցումից հետո հաշիվը դարձնելով 3:0:
4 րոպե անց, սակայն, Աարոն Քոլինզը մեկ գնդակ ետ է բերել «Բոլտոն Ուոնդերերսի» կազմում, սակայն ավելին անել հյուրերին չի հաջողվել: Այնուհետև «Արսենալի» առավելությունը մեծացրել են Ռահիմ Սթերլինգը և Կայ Հավերցը՝ գոլի հեղինակներ դառնալով համապատասխանաբար 64-րդ և 77-րդ րոպեներին:
Այսպիսով, «Արսենալը» շարունակում է պայքարը Անգլիայի լիգայի գավաթում:
Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Հեմ Յունայթեդին» և 5:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:
Խաղի հաշիվը բացվել է 21-րդ րոպեին, երբ մերսիսայդցիների պաշտպան Ջարել Կուանսան գրավել է սեփական դարպասը: Այնուհետև, «Լիվերպուլը» Դիոգու Ժոտայի և Կոդի Գակպոյի դուբլերի, ինչպես նաև Մուհամեդ Սալահի գոլի շնորհիվ ջախջախիչ հաղթանակ է տարել:
Ժոտան աչքի է ընկել 25-րդ և 49-րդ րոպեներին, Սալահը մրցակցի դարպասը գրավել է 74-րդ րոպեին, իսկ Գակպոն՝ 90-րդ և 90+3-րդ րոպեներին դրել է հանդիպման վերջնակետը:
Ընդ որում, 76-րդ րոպեից «Վեստ Հեմը» մնացել է 10 հոգով, երբ մեքսիկացի կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից:
