Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկի լաբորատոր դեպք չի գրանցվել

Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկի լաբարատոր դեպք չի գրանցվել: Սակայն դա չպետք է առիթ հանդիսանա զգոնությունը թուլացնելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում, իհարկե, դիտվում է կարմրուկի դեպքերի գրանցման նվազում, սակայն, ըստ նրա՝ դա չպետք է հանգստացնի բնակչությանը և առողջապահական համակարգին, քանի որ դեռ ամբողջ աշխարհում և Հայաստանում առկա է կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ:

«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել: Ակնկալում ենք, որ աշնան ամիսներին որոշակի աշխուժացում էլի կլինի՝ պայմանավորված ինչպես բերովի դեպքերով, այնպես էլ բնակչության շրջանում ակտիվ տեղաշարժերով:

Այս համատեքստում մեկ անգամ ևս կրկնեմ, որ կարևորվում է պատվաստումների դերը, քանի որ կարմրուկն այն վարակիչ հիվանդությունն է, որը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»,-նշեց Սվետլանա Գրիգորյանը:

Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Առաջին դեղաչափը իրականացվում է 12 ամսականում, երկրորդը՝ 4-6 տարեկանում, և այս երկու դեղաչափը բավարար է ամբողջ կյանքում կարմրուկից պաշտպանված լինելու համար:

Share This