Երազելը վնասակար չէ, վնասակարը չերազելն է
Ինչի՞ մասին եք երազում: Հարստության, փառքի, սիրո մասի՞ն, թե՞ ավելի որոշակի և առօրեական երազանք ունեք: Եթե նախկինում երազանքները մանկական զվարճանք էին համարվում, ժամանակակից աշխարհում մեծահասակների շրջանում երազելու կարողությունը վերստին «թրենդային» է։
Այսօր երազանքի համաշխարհային օրն է։ Ի պատիվ տոնի՝ մենք հայտնի սահմանափակող ուղղվածությամբ թունահարույց առածներն ու ասացվածքները վերափոխել ենք արդիական ոգով, դրանք ավելի մոտիվացնող և խանդավառող դարձնելով։
Շատ ուզես՝ շատ էլ կստանաս։
Եթե հնում գնահատվում էր քչով բավարարվելու ունակությունը, այսօր արդեն ավելիին հասնելու ցանկությունն ամոթալի բան չէ, ուստի համարձակ հետամուտ եղեք ձեր երազանքներին և նպատակներին:
Եթե հարուստի կյանքով չեք ապրել, շտկելը դեռ ուշ չէ:
Ձեր անցյալը ձեր ցանկությունների համար չպետք է խոչընդոտ լինի: Պատվախնդրությունն ու նպատակասլացությունը լավ բան են, և ձեր ներկայիս վիճակը բարելավելու ցանկությունը կարող է երկար սպասված փոփոխությունների հանգեցնել:
Շատ որ ծիծաղես՝ ուրախ կլինես։
Գիտականորեն ապացուցված է, որ ծիծաղը թերապևտիկ ազդեցություն ունի, այնպես որ երբեք բաց մի թողեք ուրախ ապրելու հնարավորությունը՝ կյանքին չափազանց լուրջ մի վերաբերվեք:
Կողքից նայողի համար ավելի նախանձելի վիճակում եք։
Ձեր մեջ զարգացրեք ինքնավստահությունը։ Սեփական անձի հանդեպ սիրո և հոգատարության միջոցով այլևս կախված չես լինի ուրիշների կարծիքներից և կանսաս սեփական իղձերիդ, և ուզածդ կյանքով կապրես:
Մեծ գումարը մեծ հնարավորություններ է ակնկալում։
Կյանքը թանկ հաճույք է՝ բառի իսկական իմաստով, ուստի փող ունենալու մեջ անարգական բան չկա։ Եթե փող ունենալը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց, ուրեմն փողը մեծ հնարավորություններ կբացի կյանքում։
Շատ բան իմանաս՝ մասնագետ կդառնաս։
Սրան պատասխանենք ևս երկու ոգեշնչող արտահայտություններով՝ «Գիտելիքը ուժ է» և «Չիմանալն ամոթ չէ, ամոթը՝ իմանալ չուզենալն է»։
Աստված համբերել է, մինչդես մենք պարտավոր չենք համբերել:
Հեռացեք այնտեղից, որտեղ վատ եք զգում: Կյանքը մի անգամ է տրվում, և այն անվերջանալի չէ, և դուք էլ Հիսուսը չեք, ուրեմն չպետք է քեզ զոհաբերես: Տառապանքի փոխարեն միշտ երջանկությունն ընտրեք, որովհետև ի ծնե արժանի եք ապրելու:
Լավ է այնտեղ, որտեղ մենք կանք:
Դուք ծառ չեք, և միշտ կարող եք փոխել այն վայրը, որը ձեր սրտով չի: Ցանկացած տեղ գնալիս ձեզ հետներդ եք տանում, ուստի միայն ձեզնից է կախված, թե որքան լավ կլինեք այնտեղ:
Ազատվեք գլխում ձեր քայլերը սահմանափակող կողմնորոշումներից՝ կարևոր չէ՝ հասարակությո՞ւնը կպարտադրի, թե՞ ինքներդ ձեզ կպարտադրեք: Կյանքը փորձնական տարբերակ չունի, այնպես որ ապրեք այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում և մի վախեցեք երազելուց:
