ԱՄՆ-ն առգրավել է Մադուրոյի նախագահական ինքնաթիռը
Միացյալ Նահանգների իշխանությունները առգրավել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը, քանի որ դրա գնումը խախտում է ամերիկյան պատժամիջոցները, գրում է CNN-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների։
Ինքնաթիռը առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ այն գտնվում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ինքնաթիռի առգրավումը վկայում է Վենեսուելայի և ԱՄՆ-ի առանց այն էլ լարված հարաբերությունների սրման մասին: ԱՄՆ-ն շարունակում է հետաքննել կոռուպցիան և այլ հանցագործությունները լատինամերիկյան երկրի կառավարությունում, նշում է պարբերականը։
«Սա ազդակ է. օտարերկրյա պետության ղեկավարի ինքնաթիռի առգրավումը քրեական գործերով չլսված բան է: Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում, որ ոչ ոք օրենքից վեր չէ, ոչ ոք դուրս չէ ԱՄՆ պատժամիջոցների սահմաններից»,- ասել է աղբյուրներից մեկը։
Մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ Dassault Falcon 900-ի առգրավմանը ներգրավվել են ԱՄՆ մի քանի դաշնային գործակալություններ, այդ թվում՝ Ներքին անվտանգության հետաքննությունների դեպարտամենտը, Արդյունաբերության և անվտանգության բյուրոն և արդարադատության նախարարությունը: CNN-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները սերտորեն համագործակցել են Դոմինիկյան Հանրապետության հետ, որը Վենեսուելային տեղեկացրել է ինքնաթիռի առգրավման մասին։
Ամերիկացի պաշտոնյաները խլված ինքնաթիռը նկարագրել են որպես Air Force One-ի (թիվ 1 բորտ) վենեսուելական համարժեք, որը պետական այցերով Մադուրոյին տեղափոխել է աշխարհով մեկ:
Վենեսուելան համարվում է ամենակոռումպացված երկրներից մեկը։ Վաշինգտոնի տվյալներով՝ վենեսուելացի մի շարք զինվորականներ և քաղաքական գործիչներ, ի թիվս այլ բաների, ներգրավված են թմրանյութերի ապօրինի շրջանառության և արդյունաբերության մեջ:
2020 թվականին Միացյալ Նահանգները Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է թմրանյութերի մաքսանենգության մեջ, բացի այդ նախագահը մեղադրվել է նաև փողերի լվացման մեջ։ Կասկածի տակ են հայտնվել նաև Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն դատարանի նախագահը և պաշտպանության նախարարը։ ԱՄՆ-ում նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները հայտարարել են 15 միլիոն դոլարի պարգևատրում Մադուրոյի ձերբակալությանը նպաստող տեղեկատվության համար։
