Գյումրիի փողոցներն անմխիթար վիճակում են, շինաշխատանքները ձգձգվում են
Դեռ նախորդ տարվանից Գյումրիի պատմական միջուկի փողոցներում մեկնարկեցին լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ, բայց միշտ չէ, որ աշխատանքները ավարտվել են նախապես սահմանված ժամկետում։
Անցած տարվա սեպտեմբերից հիմնանորոգվում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակը։ Այն Համաշխարհային բանկի՝ Գյումրիի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցման ենթածրագրերից մեկն է։ Իսկ վերակառուցման ընդհանուր ծրագրում են նաև քաղաքի պատմական միջուկի փողոցները, որոնք Ալեքպոլի ճարտարապետական միջավայրն են ամբողջացնում։
Ամենափրկիչ եկեղեցու պուրակի վերանորոգման նախագծով տարածքի շատրվանները ժամանակակից տեխոնոլոգիաներով է վերակագնվելու, նոր ծառատեսակներով, կանաչ գոտիներով համալրումը ևս նախագծում է։
Այս պահին էլ շինարարությունը ընթացքի մեջ է, բայց ո՛չ շինարարն է ժամկետների ավարտից տեղյակ, ո՛չ էլ քաղաքապետարանի պատասխանատուները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում շարունակվում են Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
Փողոցաշինական աշխատանքները դեռ անցած տարվանից էին մեկնարկել, բայց որպես այդպիսին ավարտը չի երևում։ Գյումրիում «ավանդույթ» է դարձել, որ փողոցաշինական աշխատանքները ոչ միայն պիտի որակի իմաստով նորմալ չլինեն, այլ նաև դրանք շեղվեն պայմանագրով սահմանված ժամկետներից։
