Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն մաղթելով նորանշանակ մարզչին՝ նշել էր․ «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան»։
Հենց տեքստից էլ կարելի է ենթադրել, որ ԱԱԾ նախկին տնօրենը հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցում միայնակ է կողմնորովել։ Այլ հարց է, թե սա հակասում է ՀՖՖ կանոնադրությանը, թե ոչ։ Ըստ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի, որը նաև վարչապետ Փաշինյանի խորհդականն է, հակասում է։ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՀՖՖ-ի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ հայտարարությանը, նշել էր, որ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից»,- նշվում էր Մեսրոպյանի գրառման մեջ։ Առողապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, որը ՀՖՖ գործկոմի անդամ է, նշել էր, թե ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի և ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից։
Քիչ առաջ ավարտվեց ՀՖՖ գործկոմի նիստը, որի ընթացքում, ըստ Վանեցյանի, քննարկվել է նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նշանակման կարգի հարցը։
Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահը պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։
Մանրամասները տեսանյութում։

