Աշակերտների թիվը նվազել է․Գյումրիում դարձյալ դպրոց է փակվում

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստերի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով նախատեսվում է «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» և «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ները միացնել և վերակազմակերպել «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորողների թվի նվազման և «Գյումրու «Ֆոտոն» վարժարանում» սովորողների թվի աճի հետ։

«Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կառուցվել է 1991 թվականին, ք. Գյումրի, Չարենցի 12 հասցեում։ Շենքը երկհարկանի է, նախագծային  հզորությունը 884 սովորող է։ Վերջին անգամ ընթացիկ վերանորոգում իրականացվել է 2022 թվականին։ Ներկա պահին  դպրոցում սովորող աշակերտների թիվը 82 է, ուսուցիչներինը՝ 10, անձնակազմինը՝ 18։

«Գյումրու «Ֆոտոն» վարժարան»  հիմնադրվել է 1995 թվականին։ Նախագծային հզորությունը  750  սովորող է, այս պահի դրությամբ դպրոցում  սովորող աշակերտների թիվը 882 է,  ուսուցիչներինը՝ 59, անձնակազմինը՝ 33։

Կառավարությունը գնահատում է, որ այս որոշմամբ, ուսման որակը կբարձրանա և վարժարանը կհամալրվի արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով։

Share This