Թրամփը Հանրապետականների համագումարին մասնակցել է վիրակապած ականջով
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Նա ժամանել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համագումարին։ Նշվում է, որ Թրամփն իր կողմնակիցների առաջ հայտնվել է վիրակապված ականջով։ Նա ներկայացվել է որպես «ԱՄՆ-ի հաջորդ նախագահ»։
Թրամփը ամբիոնում տեղ է զբաղեցրել Օհայոյից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսի կողքին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, սպասվում է, որ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Թրամփի գլխավոր ելույթը համագումարում տեղի կունենա հինգշաբթի։
Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է հանրապետականների կողմից որպես ԱՄՆ նախագահի իրենց թեկնածու։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, ինչից հետո նրան արյունոտ ականջով տարել են հարթակից ու հոսպիտալացրել։ Բուժում ստանալուց հետո Թրամփը դուրս է գրվել հիվանդանոցից։
Կրակողը սպանվել է։ ՀԴԲ-ի տվյալներով, նա 20-ամյա Փենսիլվանիայի բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։
