Սոցցանցերում տարածվել է իտալացի լրագրողի լուսանկարը՝ որպես Թրամփի դեմ մահափորձի կասկածյալ
Իտալացի մարզական լրագրող Մարկո Վիոլին կիրակի օրը հայտարարել է, որ դատարան է դիմելու այն բանից հետո, երբ սոցցանցերում իրեն նույնացրել են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալի հետ, հայտնում է Reuters-ը։
«Ըստ Բաթլերի ոստիկանության բաժանմունքի՝ Թրամփին կրակողը ձերբակալվել է դեպքի վայրում և ճանաչվել է որպես «Անտիֆա» շարժման անդամ Մարկ Վիոլեթս», – ասվում է սոցիալական ցանցերում տարածված հաղորդման մեջ:
Հաղորդումն ուղեկցվել է իտալացի լրագրող Մարկո Վիոլիի լուսանկարով։ Նա իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի երկրպագուների համար նախատեսված romagiallorossa.it կայքի խմբագիրն է։
«Ես կտրականապես հերքում եմ, որ առնչություն ունեմ այս իրավիճակին»,- գրել է Վիոլին սոցցանցում։
Վիոլին մեղադրել է X-ի իտալացի երկու օգտատերերի իր դեմ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և ասել, որ երկուշաբթի կգնա ոստիկանություն՝ հայտնելու նրանց և այն լրատվամիջոցների մասին, որոնք տարածել են այդ հաղորդումը:
Սոցցանցերի օգտատերերին «հետապնդողներ» անվանելով՝ Վիոլին ասել է, որ տարիներ շարունակ եղել է նրանց թիրախը, և որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:
«Խնդրում եմ, ինձ հանգիստ թողնեք, քանի որ 2018 թվականից ես դրա զոհն եմ եղել»,- գրել է նա։
Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել էր, որ Թրամփին սպանել փորձողը , որ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայի Բեթել-պարկից:
Հաղորդվել էր նաև, որ հանցագործը սպանվել է Գաղտնի ծառայության գործակալների կողմից:
