Դերասան Ջեյմս Դինը մահվանից 65 տարի անց <<հանդես կգա>> նոր ֆիլմում
1955 թվականին մահացած ամերիկյան հայտնի դերասան Ջեյմս Դինի կերպարը նորից էկրաններ կվերադառնա՝ շնորհիվ համակարգչային գրաֆիկայի, հայտնում է Hollywood Reporter-ը։
Ջեյմս Դինին հետմահու ներառել են վիետնամական պատերազմի մասին պատմող «Ջեքի հետքերով» ֆիլմի դերասանական կազմում։
Դերասանը «հանդես կգա» նշանակությամբ երկրորդ կերպարի դերում։ Ֆիլմի հիմքում ընկած է Գարեթ Քրոքերի՝ վիետնամական պատերազմի վերջում լքված շների մասին պատմող գիրքը։
«Մենք Ռոգանի կերպարի համար երկար ժամանակ էինք դերասան փնտրում… Երկար փնտրտուքից հետո մենք ընտրեցինք Դինին»,- ասել է ռեժիսոր Անտոն Էռնստը։
Magic City Films կինոստուդիան ձեռք է բերել Դինի կերպարն օգտագործելու իրավունքը դերասանի ընտանիքից։ Լուսանկարների և արխիվային ձայնագրությունների վրա հիմնված դերասանի «իրական կրկնօրինակի» ստեղծումը վստահվել է MOI Worldwide և Imagine Engine ընկերություններին։ Դերասանի ձայնը կկրկնօրինակի մեկ այլ դերասան։
Նշված լուրն արդեն քննադատությունների ալիք է բարձրացրել կինեմատոգրաֆիայի աշխարհում։ Զելդա Ուիլյամսը՝ Ռոբին Ուիլյամսի դուստրը, որն արգելել է օգտագործել իր կերպարը, ասել է, որ նշվածը մեռյալների «սարսափելի» կենդանացման նախադեպ է։ Ուիլյամսին է միացել Քրիս էվանսը՝ ասելով. «Միգուցե համակարգիչը մեզ համար Պիկասոյի մեկ այլ կտա՞վ կնկարի կամ Ջոն Լենոնի մի քանի ստեղծագործությո՞ւն գրի»։
