Տղաս ձեր տարիքին էր, իսկ դուք վարդերի թաց կոթերից եք վախենում. Կարին Տոնոյանը՝ տաքսու վարորդին
44-օրյա պատերազմի հերոս Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գնում եմ Եռաբլուր…
Նստում եմ տաքսի մեքենայի կաշվե սրահում ու ձեռքիս վարդերը դնում կողքիս….
– Ո՞ւր, Եռաբլո՞ւր, -հարցնում է երիտասարդ վարորդն ու ավելացնում,-հո, վարդերը ջրոտ չեն….
Ցավից կուչ եմ գալիս, մի կերպ արտաբերում.
– Չէ, ջրոտ չեն….
Ամբողջ ճանապարհին հոգիս պատեպատ է խփվում…. Տեղ հասանք, վճարեցի գումարն ու հարցրի.
– Քանի՞ տարեկան եք, տղաս…
– 40,- անհասկանալի հայացքով դեմքիս նայեց տղան:
– Իմ որդին էլ հիմա 38 տարեկան պիտի լիներ, բայց կյանքը տվեց, որ մենք ապրենք, իսկ Դուք ծաղիկի թաց կոթերից եք վախենում….
Իջա, արցունքներս խեղդելով հասա Մենուայիս ու լուռ գոռացի.
– Ո՞ւմ տվեցի քեզ , Մեեեն, ինչի համար……
