Կրեմլը հայտնել է, որ Պուտինը ձգտում է բանակցությունների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների միջոցով Ուկրաինայի հակամարտության լուծման համոզված կողմնակիցն է։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրվա ճեպազրույցում, Ուկրաինայի քաղաքներին հասցված զանգվածային հրթիռային հարվածից մի քանի ժամ հետո, որն առնվազն 20 մարդու կյանք է խլել եւ դարձել ամենաարյունալիներից մեկը համենայն դեպս տարեսկզբից։
«Պուտինը ուկրաինական հակամարտության հանգուցալուծման որոնման քաղաքական-դիվանագիտական ջանքերը գերադասելու համոզված կողմնակիցն է»,- ասել է Պեսկովը՝ ավելացնելով, որ Մոսկվան «երբեք չի հրաժարվել բանակցություններից», փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Մենք բանակցությունների կողմնակիցն ենք բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Կրեմլն աջակցում է Թուրքիայի պլանին Ուկրաինայի վերաբերյալ «խաղաղ պլատֆորմ» ստեղծելու մասին՝ ավելացնելով, որ «առայժմ նման պլատֆորմ չկա»։
Ռուսական բանակը երկուշաբթի ցերեկը տասնյակ հրթիռներով հարվածել է Կիեւին, Կրիվոյ Ռոգին, Դնեպրին, Սլավյանսկին եւ Կրամատորսկին։ Ուկրաինայի մայրաքաղաքում հարվածի տակ է ընկել «Օխմատդետ» մանկական հիվանդանոցի մասնաճյուղը, ինչպես նաեւ Շեւչենկոյի շրջանի բազմահարկ բնակելին, որի մուտքը փլուզվել է։ Կիեւի քաղաքացիական-ռազմական վարչության տվյալներով՝ քաղաքում 10 մարդ զոհվել է, տուժել է 35 հոգի։
Կրիվոյ Ռոգում զոհվել է 10 մարդ, 40 հոգի վիրավորվել է, Դնեպրում զոհվել է մեկ հոգի, տուժել 6 մարդ, գրել է «Ունիանը»։ Երեք հոգի մահացել է Պոկրովսկում (Դոնեցկի մարզ)։
