ԵԽԽՎ-ից Բաքվին կոչ են արել վերականգնել համագործակցությունը խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ շատ ափսոսում է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT) հետ համագործակցելուց հրաժարվելու որոշման համար։
Դա հանգեցրել է CPT-ի ներկայացուցիչների ծրագրված այցի աննախադեպ չեղարկմանը։
ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել. «Ես շատ ցավում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հետ, ինչը հանգեցրել է ԽԿԿ-ի ծրագրված այցի աննախադեպ չեղարկման։ Ինձ մտահոգել են նաև ԽԿԿ-ի Ադրբեջան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հունիսի 14-ին հայտարարել են Բաքվի բանտում հայ քաղբանտարկյալների համար հացադուլի ընթացքում նրանց խոշտանգելու մասին: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հուլիսի 3-ին հայտնել էր ԽԿԿ-ի հետ համագործակցելուց ադրբեջանական իշխանությունների հրաժարվելու մասին: Կոմիտեն հրապարակել է նաև 2022 թվականին Ադրբեջան կատարած հատուկ այցի մասին զեկույցը, որին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի, Բաքուն համապատասխան համաձայնություն չի տվել:
