Դասադուլ եւ ստորագրահավաք ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: Դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում: Նա մասնավորապես ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է զգոն լինի ու սա ընդունի որպես նախազգուշացում, իսկ նախարար Արայիկ Հարությունյանին էլ կոչ արեց որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ։ Բանախոսը նկատեց, որ երբ մարդու ոտքը ցավում է, այն բուժում են, եւ ոչ թե կտրում ու դեն նետում։ Հայտնի է, որ դասադուլին միացել են նաեւ մի քանի դասախոսներ։ Հայտնի է նաեւ, որ Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )