Արցախը իր անտառներով ու մի քանի հարյուր-հազար պտղատու ծառերով` հեչ, իսկ մի գյուղի սեփական մի քանի ծառը` մե՞ջ
Օրերս հայկական սոցիալական ցանցերում եւ լրատվական դաշտում անասելի աղմուկ բարձրացավ խնձորի ծառերի հատման կապակցությամբ: Ինչ-որ մարդիկ հուզումնալից կերպով նշում էին, որ «միայն թուրքը կարող էր դա անել»: Ոմանք հասան նույնիսկ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների: Այն ինչ սեփականատերը իր սեփական տարածքում հատել էր իր սեփական ծառերը եւ որեւէ հակաօրինական բան այդտեղ չկա: Ինչպես ցանկացած մարդ իր սեփական տարածքում կարող է հատել ծառ կամ իր բնակարանում փոխել կահույքը:
Այստեղ զարմանալի է հանրության տարօրինակ ընդվզումը եւ բորբոքումը նրանից, որ մարդը իր սեփական այգում որոշել է փոփոխություններ կատարել: Ընդ որում, սա նույն հանրությունն է, որը որ հեշտությամբ կուլ տվեց, երբ Արցախում հարյուր-հազարավոր ծառեր հանձնվեցին թշնամուն: Այդ նույն հանրությունն է, որ նույնպես շատ հանգիստ կուլ տվեց, երբ հենց իր հանրային տարածքում` Երեւանի կենտրոնում հատվեցին հարյուրավոր ծառեր:
Ընդ որում, ինչպես մեզ հաջողվեց պարզել զրուցելով Գառնի գյուղի գյուղացիների հետ, այս աղմուկ-աղաղակը բարձրացրել են այն մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության հետ: Այն կուսակցության, որը որ ոչ մի ծպտուն չհանեց Արցախը հանձնելու դեմ: Այսինքն` Արցախը իր ամբողջ հարստությունով հանդերձ, այդ թվում` հեկտարներով անտառներն ու մի քանի հարյուր-հազար պտղատու ծառերը իրենց համար հեչ, իսկ իրենց գյուղի բնակչի սեփականությունը հանդիսացող հողամասի մի քանի անօրինական ծառը մեջ:
Ավելին, «Հանրապետություն» կուսակցությունը ունի Երեւանի ավագանու իր խմբակցությունը, որը հավանություն է տվել Երեւանում մի քանի հարյուր հաստաբուն ծառերի հատման համար եւ կրում է դրա համար ուղիղ պատասխանատվություն: Այդ ծառերի սպանդը կազմակերպելու ժամանակ շատերը խոսում էին, որ Երեւանի այլանդակելը ոմանց բերել է հսկայական գումարներ: Եվ գուցե հենց այդ խոսակցություններ են իրական պատճառը, որ «Հանրապետություն» կուսակցությունը հավանություն տվեց Երեւանում ծառերի ջարդ անցկացնելուն:
Եվ ահա այսքանից հետո հանկարծ Արամ Զավենի Սարգսյանի շրջապատում գտնվող մարդկանց սիրտը այնքան է ցավացել, որ գյուղացին իր իսկ բակում ծառ է հատել, որ աշխարհով մեկ լացակումած վայնասուն են բարձրացրել:
Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Այս պատմությունը սկիզբ է առել 2005 թվականին, երբ Գառնի գյուղի մի գյուղացի` Վահագն Ղազարյանը, նույն գյուղի մեկ այլ գյուղացիներ՝ Աշոտ Սարգսյանից, Վարդան Հայրապետյանից և Լուսինե և Սոնա Մխիթարյաններից ձեռք է բերում մոտ 2500 քմ մակերեսով մրգի պահեստ-սառնանրանն ու դրա սպասարկաման համար նախատեսված մոտ 9000 քմ հողատարածքը: Նա այդ գումարը վճարում է նոտարի ներկայությամբ , որը եւ հաստատում է առք ու վաճառքի մասին պայմանագիրը: Սակայն ինչ-ինչ պատճառներով Վահագն Ղազարյանը չի հասցնում պայմանագիրը հաստատել կադաստրում սահմանված 30-օրյա ժամկետի մեջ, իսկ ուշացումով ներկայացված դիմումը Կադաստրի կողմից մերժվում է: Տեղեկանալով այդ մասին, նախկին տերերից Աշոտ Սարգսյանը պահանջում է իր անունով եղած մասը՝ մոտ 800 քմ շինությունն ու 2900 քմ հողատարածքը, որպես իր մասնաբաժին առանձնացնել ընդհանուր գույքից, իսկ Վահագն Ղազարյանը պահանջում է Կադաստրից կատարել իր իրավունքների գրանցում: Սկսվում են դատավարություն, որի ընթացքում՝ 2008 թվականին, Աշոտ Սարգսյանը հաջողացնում է կալանքի տակ գտնվող իր բաժին գույքը վաճառել նույն գյուղի բնակիչ Եղիազար Բաղդասարյանին: Հասկանալի է, որ Եղիազար Բաղդասարյանը տեղյակ էր, որ ձեռք է բերում վիճելի տարածք, որի վերաբերյալ ընթանում են դատավարություններ եւ որն այդ պատճառով գտնվում է կալանքի տակ: Սակայն, չգիտես ինչու Բաղդասարյանը գնում է այդ քայլին:
Այնուհանդերձ, իմանալով այդ մասին, Վահագն Ղազարյանը դատարանում պահանջում է անվավեր ճանաչել նաև այդ առուվաճառքը: Արդյունքում, 2010 թվաանի դեկտեմբեր ամսին դատարանը վճիռ է կայացնում, որ Վահագն Ղազարյանի իրավունքի խախտումները վերացնելու և Եղիազար Բաղդասարյանից գույքը հետ վերցնելու մասին:
Սակայն, մինչ այդ, դատավարության ընթացքում Եղիազարյանը քանդում է այդ սառնարանը, և հավանաբար վաճառում է սարքավորումները, իսկ քանդած սառնարանի տեղում ծառեր է տնկում: Այստեղ ակնհայտ է, որ Օրենք է խախտվում, քանի որ վիճելի տարածքը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության է, որի վրա արգելված է գյուղատնտեսական գործունեությունը: Բանն այն է, որ այդ տարածքում նախկինում եղել են արդյունաբերական թափոններ եւ հավանաբար ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է բոլոր նորմատիվները: Համենայնդեպս, որեւէ մեկը չի ստուգել այդ հողի քիմիական բաղադրությունը, իսկ առանց դրա արդյունաբերական տարածքը գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելը լուրջ վտանգներ է պարունակում մարդկանց առողջության համար:
Բոլոր դեպքերում ըստ ՀՀ պետական կադաստրի սեփականության վկայականի տարածքը պատկանում է Վահագն Ղազարյանին եւ ինչ անել այդ տարածքում կամ ինչ չանել որոշում է նա: Իսկ այս աղմուկ-աղաղակը բարձրացրել են մեկ պարզ նպատակով. սեփականատիրոջից խլելու իր օրինական տարածքը:
Այստեղ կա եւս մի թաքնված շերտ. գյուղապետի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն պարտվել է: Եվ ինչպես դա շատ անգամ տեղի է ունենում մեր հասարակության մեջ փորձում է այլ դաշտում ռեւանշ վերցնել իր պարտության դիմաց: Հենց դա է պատճառը, որ իր թիմակիցները հանկարծ դարձան էկոակտիվիստներ: Ընդհանրապես էկոակտիվիստ դառնալը անհրաժեշտ պահին եւ անհրաժեշտ վայրում շատ ձեռնտու տարբերակ է, իբր թե պաշտպանում ես կենդանիներին ու բույսերին, սակայն իրականում լուծում ես քաղաքական, տնտեսական կամ նյութական խնդիրներ: Սկսած հայտնի էկոակտիվիստ Գրետա Թումբերգից եւ վերջացրած Լաչինի միջանցքը փակած ադրբեջանական իբր էկոակտիվիստներով, բոլորը թքած ունեին բնության խնդիրների վրա: Սակայն լուծում էին իրենց հարցերը: Հասկանալի է, որ Գառնի գյուղի նորընծա էկոակտիվիստները շատ ավելի փոքր եւ մանր մասշտաբի են, սակայն իրենց բարձրացրած հարցն ու դրա նպատակները պակաս անբարոյական չեն:
Ա.Հովհաննիսյան
Նկարում Երեւնում հատած իբր հիվանդ ծառը