Ուղիղ եթերները վկայում են, որ Փաշինյանը ինչ որ բանից լուրջ անհանգստացած է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անհանգստացած է, դրա համար էլ այդքան շատ է ուղիղ եթեր մտնում ու փորձում հակադարձել իրեն քննադատողներին, այսօրվա ընդդիմադիր մամուլին։ Հասկանալի է, նրա կողքին քիչ մարդիկ են, գուցե մնացել, որ կարող են իրենց վրա վերցնել քարոզչական ճակատի աշխատանքը ու նա հիմա որոշել է անձամբ «սուրը» ձեռքն առնել ու իջնել առաջին դիրքեր։ Արդեն երկու օր շարունակ քաղաքացիների հետ զրույցներով Նիկոլ Փաշինյանը փաստացի կերպով ապացուցում է, որ իշխանական կուլիսներում գուցե ինչ որ սոցհարցում կամ ուսումնասիրություն է կատարվել ու պարզվել է վարկանիշային անկումը ու հիմա նա որոշել է իրավիճակը գոնե մի քիչ շտկել։ Իհարկե փաշինյանական թիմում նրանից ավելի լավ ոչ ոք չի կարող դա անել՝ նույնիսկ Աննան ու Մարիամը։ Երեսուն տարվա պոպուլիզմի ու ամբոխահաճության փորձ ունի ու հիմա զինանոցը դնելու է գործի։ Սա իր հերթին մատնում է նաեւ նրա ունեցած վախերը։ Իսկ նա վախենում է։ Չէ որ ասում էին, վերցրեք Փաշինյանից հեռախոսն ու համացանցը եւ նրա «դուխը» միանգամից կպարպվի։ Իսկ վախենալու շատ բան ունի, քանի որ առաջիկայում լուրջ խնդիրների առաջ է բախվելու Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, Ղարաբաղի ու այլ խնդիրներով։ Հաշիվ պահանջելու են նրանից օրինակ «Լիդիանի» համաշխարհային մասշտաբով մեծահարուստ բաժնետերերը ու տանելու են արբիտրաժ, կամ էլ եվրոպական կառույցներն ու Վենետիկի հանձնաժողովը, ի վերջո Ղարաբաղի կարգավորմամբ շահագրգռված կողմերը։ Էլ չենք խոսում ժողովրդի չիրականացված սպասելիքների, նրա կողմից ժողովրդին տված անկատար մնացած խոստումների մասին։ Մարդիկ, վերջապես, սկսել են մտածել, հարցեր տալ, դժգոհել, խոսել, իսկ դա արդեն խորքային պրոցեսների առաջին սաղմերի մասին է վկայում։
