Որ դեպքերում է մանրաթելերով հարուստ օգտակար մթերքը վնասակար օրգանիզմի համար
Մանրաթելերի օգտակարության ու կարևորության մասին մասնագետները շատ են խոսել: Ստամոքսում հայտնվելով՝ այս տարրերը կլանում են խոլեստերինի ու լեղաթթուների 10-15%-ը, ինչը պաշտպանում է արյան մեջ գլյուկոզայի ու ինսուլինի մակարդակների տատանումներից և նպաստում էստրոգենների մակարդակի նվազմանը՝ դրանով իսկ նվազեցնելով կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բացի այդ, մանրաթելերը հիանալի սնունդ են աղիների օգտակար բակտերիաների համար, ինչի շնորհիվ դրական ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Սակայն լինում են դեպքեր, երբ այս օգտակար տարրերը կարող են վնասակար լինել առողջության համար: Օրինակ՝ մանրաթելերը հակացուցված են Կրոնի հիվանդության դեպքում: Սա աուտոիմունային խանգարում է, որի ժամանակ օրգանիզմը հարձակվում է աղիների լորձաթաղանթի վրա՝ դառնալով բորբոքումերի պատճառ: Կրոնի հիվանդության դեպքում մարդն ախորժակի հետ կապված որևէ խնդիր չի ունենում, սակայն ուտելու հետ մեկտեղ նրա քաշը նվազում է: Բացի այդ, հիվանդությունը դրսևորվում է նաև այլ ախտանշաններով, այդ թվում՝ փորլուծությամբ, թուլությամբ ու բարձր ջերմությամբ: Այս հիվանդության դեպքում մանրաթելերն էլ ավելի են գրգռում լորձաթաղանթն ու նպաստում են ցավոտ զգացողությունների ուժգնացմանը, ուստի դրանցից հարկավոր է խուսափել:
Մանրաթելերը կարող են վնասակար լինել նաև խոցային կոլիտի դեպքում, որը նույնպես աուտոիմունային խանգարումներով պայմանավորված հիվանդություն է և դրսևորվում է հաստ աղիքի բորբոքումներով: Այս դեպքում մանրաթելերով հարուստ մթերքի գործածությունը կարող է դառնալ արյունահոսությունների ու փորլուծության պատճառ:
Գրգռված աղու համախտանիշով տառապող մարդկանց նույնպես խորհուրդ չի տրվում մանրաթելեր օգտագործել: Այս դեպքում սնունդը պարզապես կմնա աղիներում, ինչը կհանգեցնի գազերի կուտակման, փորափքանքի, որովայնի ցավերի ու աղիների աշխատանքի խանգարման: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել մանրաթելերով հարուստ մթերքից:
Երբեմն առողջ կենսակերպի անցնելու նպատակով մարդիկ փոխում են իրենց սննդակարգը՝ ներառելով մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր ու հացահատիկներ, սակայն այս գովելի քայլը նույնպես կարող է վնասակար լինել, քանի որ սննդակարգում մանրաթելերի քանակության կտրուկ ավելացումը կարող է խանգարել մարսողության գործընթացներն ու հանգեցնել փորափքանքի, փորլուծության, աղիների աշխատանքի խանգարման և այլ խնդիրների: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նման փոփոխություններն աստիճանաբար անել՝ աղիների միկրոֆլորային վնաս չհասցնելու համար:
Բացի այդ, սննդակարգում մանրաթելերի մեծ քանակությունը կարող է վտանգավոր լինել նաև հեղուկի պակասի դեպքում: Բանն այն է, որ քիչ քանակությամբ ջուր խմելու և միաժամանակ մեծ քանակությամբ մանրաթելեր օգտագործելու հետևանքով կարող են ի հայտ գալ աղիների աշխատանքի խանգարումներ:
