Մասնագետները նշել են՝ սննդամթերքի որ տեսակներն են արագացնում ծերացման գործընթացը
Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն որոշ դեպքերում ճիշտ մոտեցումը թույլ է տալիս հնավարորինս դանդաղեցնել այն՝ պահպանելով երիտասարդությունը։ Իսպանացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս գործընթացի վրա լուրջ ազդեցեւթյուն է ունենում մարդու սննդակարգը, ուստի նրանք նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք արագացնում օրգանիզմի ծերացման գործընթացն ու որոնցից խուսափելը կօգնի երկար ժամանակ պահպանել երիտասարդությունը։
Առաջին հերթին մասնագետները հորդորում են հրաժարվել վերամշակում անցած մթերքից, որոնց շարքին են դասվում տարատեսակ սնեքերը, գազավորված ըմպելիքները, հացաբուլկեղենն ու թխուկները, եգիպտացորենի փաթիլները, մսամթերքն ու կիսաֆաբրիկատները։ Նմանատիպ մթերքը բնորոշվում է գունանյութերի, պահածոյացնող նյութերի, աղի, շաքարի ու ճարպերի բարձր պարունակությամբ։ Միևնույն ժամանակ այն չափազանց քիչ քանակությամբ մանրաթելեր ու վիտամիններ է պարունակում, ուստի օրգանիզմին որևէ օգուտ չի տալիս։
Գիտնականներն ընդգծում են, որ նման մթերքի գործածությունը հանգեցնում է քրոմոսոմների ծայրային կառույցների՝ թելոմերների կարճացման, մինչդեռ այդ գործընթացը պետք է տեղի ունենա բնական ճանապարհով։ Արդյունքում նման մթերքը միայն արագացնում է այդ գործընթացը՝ հանգեցնելով օրգանիզմի վաղաժամ ծերացման։
Նոր հետազոտությանը մասնակցել է 57-90 տարեկան 886 մարդ։ Մասնագետները մանրակրկտորեն վերծուծել են թելոմերների երկարության և կամավորների սննդային սովորությունների միջև կապն ու ի վերջո հաստատել, որ օրական երեք բաժնից ավելի վերամշակում անցած մթերք օգտագործող մարդկանց մոտ քրոմոսոմների ծայրային կառույցների կարճացման հավանականությունը բարձրանում է երկու անգամ։