Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել
Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ, 44 օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանը, ում երեկ կոշտ ուժ կիրառելով բերման են ենթարկել եւ տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, անժամկետ հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2 տարի առաջ «Նորք-Մարաշ» խմբի գործով ՀԱՊ կուսակցության նախագահ Ա. Վարդանյանին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվել էր 9 տարին։
Գործը հասել էր վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, հունիսի 18-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել բողոքը, հենց նույն օրը գործը վերադարձվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու, առանց որեւէ ծանուցման, հունիսի 19-ին Ա. Վարդանյանին ոստիկանությունն առեւանգել է՝ Ռիո մոլի առջեւից: Ընդ որում՝ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ նա եղել է կնոջ հետ. քաղաքացիական հագուստով մոտ 10 անձինք ուղղակի հարձակվել են ու տարել Ա. Վարդանյանին, իսկ կինը վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ:
