Անօդաչուները գրոհել են ՌԴ մի քանի շրջաններ. Ադիգեյում եւ Տամբովի մարզում հրկիզվել են նավթաբազաներ

Ուկրաինական անօդաչուները հունիսի 20-ի գիշերը գրոհել են Ռուսաստանի մի քանի շրջանները, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

ՊՆ-ի տվյալներով՝ ՀՕՊ միջոցները որսացել եւ ոչնչացրել են վեց դրոն Ադիգեյի Հանրապետությունում, երեքը՝ Բրյանսկի մարզում, երեքը՝ Կրասնոդարի երկրամասում, մեկական՝ Ռոստովի, Բելգորոդի եւ Օրյոլի մարզերում։

Հետեւանքների մասին ՊՆ-ն ոչինչ չի նշում։

Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատեւը հայտնել է, որ գրոհի է ենթարկվել Կուբանի Սլավյանսկ քաղաքը։ Լիովին ավերվել է մեկ մասնավոր տուն, զոհվել է տեղի մի բնակչուհի։

Ադիգեյի Տախտամուկի շրջանի Էնեմ գյուղում դրոնների գրոհի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհ նավթաբազայում, մակերեսը կազմել է 400 քառակուսի մետր։ Տուժածներ չկան։ Էնեմում է գտնվում «ԼՈւԿՕՅԼ-Յուգնեվտեպրոդուկտ» նավթաբազան։

Անօդաչուների գրոհի մասին տեղեկացրել է նաեւ Տամբովի մարզի ղեկավար Մաքսիմ Եգորովը։ Տեղի է ունեցել պահեստարանի հրկիզում Ռասկազովյան մունիցիպալ օկրուգի Պլատոնովի նավթաբազայում։ Նահանգապետի տվյալներով՝ Պերվոմայսկի մունիցիպալ օկրուգում հայտնաբերվել են դրոնի մնացորդները, որը «պայթել է օդում»։

Mash թելեգրամ-ալիքը հավաստիացնում է, որ Պլատոնովյան նավթաբազան գրոհել են ուկրաինական երեք կամիկաձե-դրոններ։

Օրյոլի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը տեղեկացրել է, որ Պոկրովսկի շրջանի տարածքում խփվել է մեկ անօդաչու։ Նրա խոսքով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան։

Share This