Որոնվում են ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նրա որդին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։
Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։
Ինչպես հայտնում է կայքը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ Զ. Հակոբյանի ասած անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 58-ամյա Տաճատ Վարդապետյանը և 29-ամյա Ասքանազ Վարդապետյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Տաճատ Վարդապետյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ասքանազ Վարդապետյանը՝ նրա որդին:
