Որ ախտանշաններն են հուշում աղիների սնկային ախտահարման մասին

Աղիքային կանդիդոզն ախտաբանություն է, որը պայմանավորված է աղեստամոքսային տրակտում սնկերի ակտիվ բազմացմամբ։ Այն դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են փորլուծությունը, փորափքանքը, ծանոթ սննդի համի փոփոխությունը, որովայնի ցավը, բերանի խոռոչում առկա սպիտակ լորձը, կաթնասնկախտը և քաղցր մթերք ուտելու ցանկությունը: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում պատմել է գաստրոէնտերոլոգ Նատալյա Խարչենկոն։

«Քաղցր մթերք ուտելու անհագ ցանկությունն աղիքային միկրոֆլորայի ցանկացած խանգարման ախտանշան է, հատկապես, եթե խոսքը սնկային դիսբիոզի մասին է: Բանն այն է, որ ախտածին բակտերիաները, այդ թվում՝ սնկերը, սնվում են պարզ ածխաջրերով։ Ուստի նրանք նյարդային հաղորդիչների միջոցով գլխուղեղին ազդակներ են ուղարկում՝ ասելով. «Որևէ քաղցր բան ենք ուզում»: Այս կերպ ախտահարված միկրոֆլորան ազդում է մեր համային նախասիրությունների վրա»,- պարզաբանել է բժիշկը։

Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծել է, որ շատ կարևոր է հասկանալ՝ երբեմն քաղցրավենիք ուտելու ցանկությունն ի հայտ է գալիս որպես արձագանք սթրեսին, մինչդեռ աղեստամոքային տրակտի սնկային ախտահարման դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս նաև այլ ախտանշաններ։

«Սկզբում աղիքային կանդիդոզը տեսանելի ախտանշաններ չի ունենում: Որովայնի հատվածում տհաճ զգացողությունների և փորափքանքի պատճառով մարդը կարող է հրաժարվել սննդից։ Բացի այդ, երբեմն նա կարող է նկատել, որ սովորական սնունդը փոխել է իր համը։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա ի հայտ է գալիս տհաճ թթու համով սպիտակ լորձ։ Զարգացող կանդիդոզի ախտանիշների շարքին են դասվում որովայնի ցավը, փորլուծությունը, մարմնի մշտական բարձր ջերմաստիճանը և օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Կանանց մոտ աղիքային կանդիդոզը կարող է դրսևորվել կաթնասնկախտի տեսքով»,- նշել է Խարչենկոն։

Մասնագետի խոսքով՝ հիվանդությունը չբուժելու դեպքում վարակը կարող է անցնել արյունատար համակարգ ու ախտահարել նաև այլ օրգաններն ու համակարգերը։

«Հիվանդության զարգացման արագությունը կախված է դրա առաջացման պատճառներից։ Դրսից օրգանիզմ ներթափանցող սնկային վարակը կարող է արագ զարգանալ և ուղեկցվել բարձր ջերմությամբ, որովայնի ցավով, աղիների ֆունկցիայի խանգարմամբ և թունավորման այլ ախտանշաններով։ Սակայն եթե սնկային վարակն աղիների միկրոֆլորայի տևական դիսբալանսի հետևանք է, ապա ախտանշաններն ավելի թույլ են արտահայտված լինում, և հիվանդությունն աստիճանաբար է զարգանում»,- եզրափակել է գաստրոէնտերոլոգը։

Share This