Սովորականից շատ հեղուկներ, դյուրամարս սնունդ, ազատ ու օդաթափանց հագուստ․ ինչպես շոգ եղանակին խուսափել առողջական վիճակի վատթարացումից

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է հետևել մի շարք կանոնների առողջական վիճակի վատթարացումից խուսափելու համար։

Այսպիսով՝ խորհուրդ է տրվում․

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում,
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա հագուստ,
  • օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), նախընտրելի է` ջուր կամ թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը,
  • սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
  • նախընտրել թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
  • չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
  • չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
  • ցանկալի է, որ երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային շոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
  • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ժամերին խուսափել բացօթյա տարածքում ֆիզիկական աշխատանքից,
  • հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
  • տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Share This