Լենա Նազարյանը լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել
2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 39 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 36-ը՝ չեզոք։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տասնօրյակներ շարունակ լրատվականների ուշադրությունից դուրս է մնացել, նրա մասին հոդվածները սակավաթիվ են։ Այս տասնօրյակում մշտադիտարկման ժամանակ գրանցվել են բացառապես բացասական և չեզոք հրապարակումներ։
Նոր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների գրանցման պարզեցման մասին քննարկումները քննադատությունների առիթ են տվել, նշվում են բազմաթիվ խնդիրներ։ Նշվում է նաև, որ այդ քննարկումների ժամանակ Լենա Նազարյանին ընդամենը հետաքրքրում է կանանց ներգրավվածության հարցը։
Լենա Նազարյանի հետ են հանդիպել նաև սևազգեստ մայրերը։ Մայրերը հանդիպումից հետո դժգոհ են եղել․ «Լենա Նազարյանը ոչինչ չխոստացավ: Մենք ասացինք, որ բոլոր պատկան մարմիններին, բոլոր պատգամավորներին դիմելու ենք, որպեսզի մեր 5 զինվորների գործերը բացահայտվեն, որ ամեն մեկն իր ելույթներում այդ հարցը տա, թե մինչև ե՞րբ պետք է փակ լինեն այդ գործերը, մինչև ե՞րբ պետք է քննիչներն ու դատախազներն անգործ մնան, ինչո՞ւ չեն բացահայտում զինվորների գործերը: Ճիշտ է, վարչապետը ասել է, բայց ասելուց հետո 1 տարի վեց ամիս է անցել, ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի նորություն չկա, «սայլը տեղից չի շարժվում»:
Փաստացի Լենա Նազարյանը հասարակական և քաղաքական գործունեությամբ ակտիվ չէ, և դա է հրապարակումների սակավության պատճառը։
