Փաշինյանը կնոջ միջոցով հասկացնում է, որ իր թիմի փայատերերի արարքները իր սրտով չեն ամենեւին
Երեկ Երեւանի Հանրապետության մետրոյի կայարանում տեղի ունեցած միջոցառման եւ դրա հետ կապված բախումից հետո, այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել, մակագրելով այն հետեւյալ կերպ․ «Մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից»։ Լուսանկարն արվել է ազգային պատկերասրահում, Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» կտավի ներքո։ Ըստ էության Աննա Հակոբյանը /հասկանալի է նաեւ Նիկոլ Փաշինյանը/ արձագանքում է երեկվա դեպքերին։ Լրագրողական բառապաշարի եթե վերածենք, տիկին Աննայի հրապարակումը կարող է ընկալվել այսպես ․»Տեղի ունեցածի հետ մեր ընտանիքը կապ չունի եւ չի աջակցում»։ Ակնարկը չափազանց թափանցիկ էր ու պերճախոս։ Սա որպես քայլ արվում է երեկ ու այսօր տեղի ունեցած այն սուր քննադատությունների ու դատապարտումների ֆոնին, որ հնչեցին այդ միջոցառումների հետ կապված։ Աննա Հակոբյանը, ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանը նաեւ, այդ կերպ ուզում են պարզապես իրենց մաքրել այդ աղմուկից, նաեւ՝ իշխանական պայմանական սորոսական թեւի գաղափարական ազդեցությունից։ Սակայն հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու են թույլ տվել։ Իսկ ինչպես պետք է թույլ չտային, եթե ոչ մոնոլիտ իշխանության մեջ սորոսականներն էլ իրենց օրակարգն են առաջ մղում, եւ բացի այդ, սորոսականները նույնպես համարվում են հեղափոխության փայատեր եւ ըստ փայատիրական իրավունքի անում են այն, ինչն իրենց հոգեհարազատ է։ Այս պայմաններում հասկանալի է, որ դեռեւս կոշտ գործողությունների չգնացող Փաշինյանը հասարակությանը փորձում է այս կերպ ազդակներ հղել։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանի ձեռքերը կապված են, իր իսկ թիմում գործող ենթափիմերի ու փայատերերի կապանքներով ու այս փուլում նա պարզապես փորձում է ինչ որ ելքեր գտնել։
