Պրահայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների
Պրահայում շաբաթ երեկոյան տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները քայլերթով անցել են Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնով՝ Պալացկիի հրապարակից մինչև պատմական Կլարով թաղամաս: Նրանք պահանջել են անհապաղ դուրս բերել թուրքական ստորաբաժանումները Սիրիայի տարածքից, մեղադրել են Անկարային ահաբեկիչներին աջակցելու մեջ, կոչ են արել չայցելել Թուրքիա զբոսաշրջիկի կարգավիճակով և հակաթուրքական կարգախոսներ են վանկարկել: Նրանց ձեռքին եղել են թուրքական ռազմական գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների լուսանկարները:
Բողոքի ցույցին, ըստ իրավապահների, մասնակցել է մոտ 200 քաղաքացի: Այն նախաձեռնել են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրոպայում գործող քրդական ասոցիացիաների ակտիվիստները և Չեխիայում ապաստան գտած սիրիացի գաղթականները:
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների դեմ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները Պրահայում և Չեխիայի մյուս խոշոր քաղաքներում անցկացվում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ: Առաջին բողոքի ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:
