Ինչ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել շոգ եղանակին ծխախոտի գործածությունը

Շոգ եղանակին ծխախոտի գործածությունը կարող է վտանգավոր լինել ու լուրջ խնդիրների հանգեցնել։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով թերապևտ, սրտաբան Ռուստեմ Օսմանովին։

Բժշկի խոսքով՝ ծխախոտի գործածությունը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, սակայն առաջին հերթին տուժում են սրտանոթային, շնչառական ու նյարդային համակարգերը։ Սա է պատճառը, որ շոգ եղանակին խորհուրդ է տրվում բացառել այս վնասակար սովորությունը կամ նվազագույնի հասցնել օգտագործվող ծխախոտի քանակությունը, քանի որ հակառակ դեպքում ծխախոտի գործածությունը կարող է շատ լուրջ բացասակար հետևանքների հանգեցնել։

Օրինակ՝ այն կարող է բարձրացնել թրոմբների զարգացման հավանականությունը, որն առանց այն էլ բարձր է լինում շոգ եղանակին անգամ առողջ մարդկանց մոտ։ Բացի այդ, այս սովորությունը կարող է բարձրացնել նաև սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության կամ քրոնիկ անոթային անբավարարության զարգացման հավանականությունը։

Ինչպես նշել է մասնագետը, չափազանց շոգ եղանակին օդում նվազում է թթվածնի մակարդակը, ինչի հետևանքով էլ մարդիկ դժվարությամբ են շնչում։ Ծխախոտի գործածության հետ մեկտեղ այս գործոնը բարձրացնում է անոթային սպազմների, այդ թվում նաև գլխուղեղի անոթների սպազմի հավանականությունը, ինչն էլ կարող է դառնալ գիտակցության կորստի կամ նախակաթվածային վիճակի պատճառ։

Share This