«Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այնքան խոշոր աչքեր ուներ Ռուբիկը, երկար, մեծ թարթիչներով: Խելացի երեխա էր, երբեք ինձ անհանգստություն չի պատճառել: Երբ եղբայրը ծնվել էր, այնքան ուշադիր ու հոգատար էր նրա նկատմամբ: Ում տեսներ, բարևելուց հետո երկրորդ բառն էր՝ ինչո՞վ օգնեմ: Իրեն «փրկիչ» անունն էին տվել: Բոլորի կողքին կանգնում էր, ընկերասեր էր, չարամիտ չէր: Ասում էր՝ մա՛մ, եթե անգամ ինչ-որ մեկը վատ բան անի իմ նկատմամբ, նույնն անելու իրավունք չունեմ, որովհետև այդ դեպքում ինչո՞վ եմ իրենից տարբերվելու: Անչափ սիրում էր ուսումը: Սիրով է հաճախել դպրոց: Սովորելու տարիներին գեթ մեկ նկատողություն չի ստացել: Մինչև վեցերորդ դասարան բացարձակ գերազանց է սովորել: Իրեն հետաքրքիր էին քիմիան, ֆիզիկան ու կենսաբանությունը, սիրում էր հայոց լեզուն ու գրականությունը, կապված էր այդ առարկաների ուսուցիչների հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբիկի մայրիկը:
Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Ռուբիկն ընդունվել է «Էրեբունի» բժշկական քոլեջի դեղագործական բաժինը: «Բժիշկ դառնալն իմ երազանքն է եղել, բայց այն տարբեր պատճառներով իրականություն չէր դարձել, մանկավարժություն էի ուսանել: Միշտ Ռուբիկին ասում էի՝ երանի դու բժիշկ դառնաս: Իր երազանքն էր կա՛մ լավ խոհարար, կա՛մ լավ բժիշկ դառնալը: Բայց մեր խորհուրդների արդյունքում ընտրեց բժշկությունը: Քոլեջում սովորում էր գերազանց: Այն ավարտելուց հետո քննություն հանձնեց և ընդունվեց «Էրեբունի» բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, միանգամից երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Ռուբիկը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 17-ին, ծառայում էր Մարտակերտի հինգերորդ պաշտպանական ինտերնատ զորամասում:
