ԵԿՄ-ում մաքրման գործընթաց կա, բայց Սասուն Միքայելյանն անդամատոմսերը հանձնած տղաներին նկատի չի ունեցել. Ռոմիկ Մխիթարյանը՝ ԵԿՄ Կենտրոնի միջադեպից հետո իրավիճակի մասին

Երկրապահ կամավորականների միության» Կենտրոն տարածքային բաժանմունքի նորընտիր նախագահ Ռոմիկ Մխիթարյանն առաջիկայում հանդիպելու է «Սպանդարյան» ջոկատի հրամանատար Լևոն Հարությունյանին՝ քննարկելու համար ԵԿՄ Կենտրոնի բաժնում տեղի ունեցած միջադեպը: «Ես շատ եմ ուզում, որ տղերքը վերադառնան: Ամեն դեպքում, տղերքը մեր հին մարտական ընկերներն են, իմ համար այդ միջադեպը, իհարկե, շատ ծանր է»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը:

Հոկտեմբերի 25-ին տեղի էր ունեցել «Երկրապահ կամավորականների միության» Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահի ընտրությունը, որը ոչ հարթ պայմաններում էր անցել: ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի հիմնադիրներից «Սպանդարյան» ջոկատի մի խումբ ազատամարտիկներ բոյկոտել էին ընտրությունը, ոմանք էլ հանձնել էին ԵԿՄ անդամատոմսերը: Ռոմիկ Մխիթարյանը մինչև ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահի թեկնածու առաջադրվելը, եղել է Շենգավիթի տարածքային բաժանմունքի պետ: Հենց սա էլ առաջացրել էր Կենտրոնի բաժանմունքի ազատամարտիկների դժգոհությունը, որ ղեկավարն ընտրվում է ոչ թե բաժանմունքի հիմնադիրներից, այլ Շենգավիթի բաժնի նախկին ղեկավարը:

– Պարո´ն Մխիթարյան, ընտրությանը գրանցված միջադեպից հետո ինչպիսի՞ վիճակ է ԵԿՄ Կենտրոն բաժանմունքում:

– Ամեն ինչ նորմալ է, աշխատանքային ջերմ մթնոլորտ է, և շարունակում ենք բաժանմունքի աշխատանքները:

– Այդ միջադեպը ոչ մի կերպ չի՞ ազդել Կենտրոն բաժանմունքի հետագա գործունեության վրա:

– Իհարկե, հոգեբանորեն ազդել է: Ամեն դեպքում, տղերքը մեր հին ընկերներն են, մեր մարտական ընկերներն են, ինձ համար դա, իհարկե, շատ ծանր է: Բայց ընդհանուր բաժանմունքի աշխատանքների վրա, իհարկե, չի ազդել:

– Քանի՞ ազատամարտիկ էր հանձնել ԵԿՄ անդամատոմսերը:

– Անդամատոմսերը հանձնել էր 7 ազատամարտիկ, բայց ընտրական ժողովը լքել էր 12 ազատամարտիկ:

– Տեղի ունեցած միջադեպից հետո այս ընթացքում փորձե՞լ եք խոսել ընտրությունը բոյկոտած, անդամատոմսերը հանձնած ազատամարտիկների հետ:

– Ես երեկ խոսել եմ իրենց իսկական հրամանատարի՝ Հարությունյան Լյովայի հետ, որը հիմա Իջևանում է: Լյովան այս քանի օրը կգա, մենք միասին կքննարկենք այս խնդիրը: Ես շատ եմ ուզում, որ տղերքը վերադառնան, բայց դրա հետ մեկտեղ խնդիր կա: Եթե ես մտածում եմ այս ուղղությամբ, իրենք անընդհատ լրատվամիջոցներով գրոհներ են փորձում անել, այդպես չի կարելի:

– ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի հիմնադիրների դժգոհությունը հետևյալն էր, որ Դուք Շենգավիթի բաժնից եք եղել, և որ ղեկավարը հիմնադիրներից չէ: Միայն սա՞ էր գրանցված միջադեպի պատճառը, թե՞ քաղաքական խնդիր էլ կար:

– Դա էր խնդիրը, քաղաքական պատճառ բացարձակ չկա:

– Նախկին պատգամավոր, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը ևս «Սպանդարյան» ջոկատի հիմնադիրներից է: Վարկածներից մեկով, հենց նրա հետ են կապում ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի ղեկավարի ընտրության օրը տեղի ունեցած միջադեպը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Բացարձակ չեմ կարծում: Նախ ընտրությանն ազատամարտիկները, որ հայտարարում են՝ տեղեկացված չեն եղել, այդպես չէ, 10 օր առաջ բոլորն էլ տեղեկացված են եղել: Նաև նույն Արարատ Զուրաբյանի հետ, որը «Սպանդարյան» ջոկատի անդամ է, մի քանի անգամ փորձել ենք կապվել, գտնել, հրավիրել ժողովին, բայց կապի դուրս չի եկել: Արարատն էլ իմ հին ընկերն է, անկախ ամեն ինչից, բոլորը իմ հին, մարտական ընկերներն են: Ես կարծում եմ, որ դա էմոցիոնալ քայլ էր տղերքի կողմից:

– ԵԿՄ նախագահ ընտրվելուց հետո ինչպիսի՞ հարաբերություններ ունեն Սասուն Միքայելյանը և Արարատ Զուրաբյանը:

– Ես ընդհանրապես տեղյակ չեմ:

– ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում, մեկնաբանելով Կենտրոն բաժանմունքում տեղի ունեցած միջադեպը, ասել էր. «ԵԿՄ-ն մաքրվում է»: Որքանո՞վ եք ճիշտ համարում այս մեկնաբանությունը, քանի որ նշեցիք՝ Ձեզ համար ծանր էր Ձեր հին, մարտական ընկերների դուրս գալու փաստը:

– Մաքրման պրոցես կա, որովհետև կան բազմաթիվ գրանցված անդամներ, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել ազատամարտի հետ: Երևի դա է նկատի ունեցել Սասուն Միքայելյանը, ոչ թե կոնկրետ այս տղերքին:

– Բայց այդ միջադեպի՝ Կենտրոն բաժանմունքում ընտրությունը լքելու, անդամատոմսերը հանձնելու հարցին ի պատասխան էր ասել Սասուն Միքայելյանը:

– Այդ հարցը կարող եք Սասուն Միքայելյանին տալ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )