Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը
Ներկայումս քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք կանանց թույլ կտա՞ն մուտք գործել լոնդոնյան մի քանի ջենթլմենական ակումբներ, մինչդեռ Garrick ակումբի անդամները, 193 տարի անց, քվեարկել են կանանց անդամակցության օգտին, գրում է Guardian-ը:
Ճանապարհորդների ակումբը, Սեւիլ ակումբը, Բիֆսթեք ակումբը, Boodle’s-ը, Buck’s-ը, Brooks’s-ը, East India Club-ը եւ White’s Լոնդոնում մնացած ակումբներից ընդամենը մի քանիսն են, որոնք դեռեւս չեն ընդունում կանանց անդամակցությունը իրենց շարքեր:
Ակումբների քարտուղարները, ինչպես ենթադրվում է, խորհրդակցել են իրավաբանների հետ՝ պարզելու, թե որքանով է Garrick-ի որոշումն իրենց խոցելի դարձրել:
Կանանց անդամակցությունը նաեւ քննարկվում է East India Club-ում, որը հսկայական ակումբ է՝ Լոնդոնի կենտրոնական Սենտ Ջեյմս հրապարակում:
Ակումբի սկզբնական անդամներն աշխատում էին East India Company-ում, որը հանդես էր գալիս որպես բրիտանական իմպերիալիզմի գործակալ Հնդկաստանում եւ խայտառակ կերպով լուծարվեց 1873 թվականին: Ակումբի անունը նոստալգիա է առաջացնում Բրիտանական կայսրության ամենաշահագործվող եւ հակասական ժամանակաշրջաններից մեկի նկատմամբ:
«Կանոնադրության համաձայն՝ ակումբին անդամակցելը բաց է միայն ջենթլմենների համար: Այնուամենայնիվ, ակումբը կանանց ընդունում է որպես հյուրեր»,-ասվում է նրանց կայքում։ Աղբյուրները նշում են, որ ակումբի ղեկավարությունը, կարծես, կողմ է կանոնների փոփոխությանը, որպեսզի կանանց թույլ տրվի միանալ ակումբին, սակայն այդ հարցի շուրջ չեն կարողացել ապահովել մեծամասնության ձայները:
