Նա դպրոցում գերազանցիկ է, <<Նոր Ալիքի>> բեմում տեխնիկական խնդիրը համարում է փորձ և պատրաստ է ամեն ինչ անել <<Մանկական Եվրատեսիլում>> հաղթելու համար․ Կարինա Իգնատյանը ներկայացրեց եվրատեսիլյան տեսահոլովակը
Այսօր Երևանի ժամանցի վայրերից մեկում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի Colors of your dream երգի տեսահոլովակի պրեմիերան։
Tert.am Life-ը ներկա է գտնվել շնորհանդեսին, առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։
Տեսահոլովակի նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում և ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն։ Մեզ հետ զրույցում Կարինան նշեց՝ սպասել ու պատկերացրել է հենց այդպիսի տեսահոլովակ։
«Տեսահոլովակը հենց այնպիսին է, ինչպես ես եմ պատկերացրել՝ գունեղ է ու հետաքրքիր։ Նկարահանումները ևս շատ հետաքրքիր ու ուրախ են անցել։ Ինձ դուր է եկել և հիմա արդեն բոլորը կարող են դիտել։ Ես պատկերացնում էի վառ գույներով և ուրախ տեսահոլովակԼ Ամեն ինչ կանեմ հաղթելու համար։ Շատ լավ կփորձեմ երգել, որովհետև ինձ հետ աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց Կարինան։

Պատանի երգչուհին նշեց՝ ինքը տրամադրված է շատ լավ, սիրում է իր երգն ու ամեն ինչ անում, որ այն կատարի լավագույն ձևով․ «Ես շատ սիրեցի իմ երգը և անչափ ուրախ եմ, որ հենց այս երգով եմ ներկայացնելու իմ հայրենիքը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում: Ամեն օր շատ խիստ գրաֆիկով պարապում ենք և հույա ունեմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնելը իմ երազանքն է եղել ու այս տարի որոշեցի ուժերս փորձել»:
Նշենք, որ Կարինան ապրում է Կալուգայում, դեռ նախորդ տարի նրա վոկալի ուսուցչուհին՝ Լիլի Գրիգորյանը, երգ էր գրել Կարինայի համար, որպեսզի մասնակցի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ին։ Happy Birthday ստեղծագործության հայտը պատանի երգչուհու համար անակնկալ ուղարկել էին նախագիծ, Հանրային հեռուստաընկերությունը հաստատել էր մասնակցությունը, սակայն Կարինան դասերի պատճառով չէր կարողացել ժամանել Հայաստան։ Պատանի երգչուհին համեստորեն ժպտալով նշեց՝ ինքը գերազանցիկ է և ամեն ինչ անում է դասերն ու երաժշտությունը համատեղելու համար․«Շատ դժվար է եղել դասերիս հետ կապված, սակայն ես ամեն ինչ հասցրի, քննություններս շատ լավ հանձնեցի։ Նախորդ արի իսկապես վախենում էի, որովհետև ուսուցիչներս նոր էին և ուզում էի ամեն ինչ լավ լիներ, որովհետև ես գերազանցիկ եմ։ Ես համատեղում եմ և՛ դասերս, և՛ երգը»։

Հիշեցնենք՝ Կարինան Հայաստանն այս տարի ներկայացրել է նաևմանկական «Նոր Ալիք» երգի մրցույթում։ Չնայած այնտեղ տեխնիկական խնդրին նրան հաջողվել էր բավականին բարձր միավորներ ունենալ։ Պատանի երգչուհին այդ դրվագը ժպիտով է հիշում․ ««Նոր Ալիք» մրցույթի տեխնիկական խնդիրն ինձ փորձ տվեց և հիմա ես ավելի ուշադիր եմ և ունեմ մեծ բեմերում ելույթ ունենալու փորձ»։
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշ Տեր-Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեսահոլովակւը ներկայացնելու նոր ձևաչափին ասելով․ «Քանի որ այս տարի պատվիրակության մեկնելուց առաջ մենք չենք ունենալու մամուլի ասուլիս, բայց շատ մեծ էր ցանկությունը հանդիպելու լրագրողների հետ, որովհետև, բնականաբար հարցեր կլինեին։ Տեսահոլովակի պրեմիերան առիթ դարձավ, որպեսզի այս ձևաչափով անենք և համատեղենք երկուսը՝ մեկում։ Հավաքվել են և՛ նախորդ տարիների մասնակիցները, և՛ երկրպագուները, և՛ իհարկե լրագրողները։ Աշխատել ենք ռուսաստանաբնակ մեր գործընկերների հետ ու ստացվել է սպասվածից էլ ավելի լավը»։
Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում Հայաստանը։






















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
