<<Կարծիք կար, որ փառատոնի բացումը մեզ համար շքեղ կազմակերպում ենք, իսկ ուսանողները մնում են ազատ աթոռների հույսին>>․ Կարո Բալյանը՝ Շեքսպիրյան թատերական փառատոնի բացման կիսադատարկ դահլիճի մասին
Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի բացման արարողությունը տեղի ունեցավ Համազգային թատրոնի դահլիճում։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի, ըստ փառատոնի տնօրեն Կարո Բալյանի, ընտրել են բացումը տոնելու առավել փոքրամասշտաբ տարբերակ, քանի որ ուսանողներին ներագրավելու ցանկությունը մեծ էր։
Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնի բացման արարողությանը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։
Բացման համար փառատոնի կազմակերպիչներն ընտրել էին Լեհաստանից եկած թատերախմբի «Շեքսպիրյան ուրվականներ» բեմադրությունը։ Մինչ բեմադրության սկսվելը Կարո Բալյանն ասաց՝ հատուկ միտում է եղել փառատոնի բացումն ուսանողական թատրոնում կազմակերպելու համար, սակայն, նկատելով կիսադատարկ դահլիճը, ավելացրեց, որ սպասում էր ավելի մեծ արձագանքի։

Ավելի ուշ, Tert.am Life-ի հետ զրույցում, փառատոնի տնօրենը մանրամասնեց․ «Կարծիք կար, որ մենք մեզ համար փառատոնի բացումը շքեղ կազմակերպում ենք, իսկ ուսանողները գալիս ու մնում են ազատ աթոռների հույսին։ Այս բացումն ի չիք դարձրեց այդ խոսակցությունները, որովհետև դահլիճը կեսից էլ քիչ էր լիքը։ Մուտքն ազատ էր և ցանկացողը կարող էր գալ։ Ուսանողների շրջանում բավականին ինֆոմացրել ենք և այնպես չէ, որ մենք կազմակերպել ենք ու որևէ մեկն այդ մասին չի իմացել։ Ուղղակի, չգիտեմ ինչու, հետաքրքրությունը մեծ չէր»։
Անդրադառնալով բացման այս տարբերակն ընտրելու միտմանը՝ Կարո Բալյանն ասաց, որ ուսանողական թատրոնն են ընտրել, քանի որ փառատոնն ուսանողների համար մեկնարում է նոր ծրագիր։
«Այս տարի ունենք շատ հետաքրքիր նորություն, քանի որ սկսում ենք Fest out ծրագիրը, այսինքն բացի հիմնական հայտնի թատրոններից, որոնց մենք հյուրընկալում ենք, այս տարի փորձելու ենք դաշտ հատկացնել նաև երիտասարդական ներկայացումներին։ Սա ուսանողների համար մոտիվացիա կլինի, քանի որ շատ կարևոր է երբ իմանում են, թե ինչի համար են ողջ տարին աշխատում նոր բան ստեղծելու համար։ Մրցանակն ուսանողների համար կլինի այն, որ մենք պայմանավորավածություն ենք ձեռք բերել Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի հետ, երիտասարդական հաղթող խումբը հրավեր կստանա այնտեղի Shakespeare Off ծրագրից և կմեկնեն։ Սա շատ կարևոր և լուրջ փառանոն է, քանի որ դրան մասնակից դառնալու համար պետք լուրջ ու բարդ ճանապարհ անցնել։ Մենք կփորձենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ դա իրականացնել»,- ասաց Կարո Բալյանը։

Նա նշեց՝ հաշվի առնելով այս փորձը մյուս տարիներին բացումը կշարունակեն այնպես, ինչպես մինչ այս եղել է․ «Այս տարի մեկնարկում էինք ուսանողական նոր ծրագիր և զուտ խորհրդանշական տեսանկյունից որոշեցինք այս տարբերակով անցկացնել։ Անկեղծ եմ ասում՝ չգիտեմ ինչով է պայմանավորված, որ հետաքրքրություն չկա։ Երբեմն զարմանում եմ և ուղղակի չեմ կարող գնահատական տալ։ 14 տարի շարունակ այս փառատոնն իր բացումն արել է մեծ բեմերին, որտեղ 600-ից ավել հանդիսատես ենք ունեցել»։
Անկախ սուղ բյուջեին և քիչ հովանավորներին՝ այս տարի ևս հայ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու մի շարք բեմադրություններ՝ տարբեր երկրներից։ Մասնակից երկրների թիվը վեցն է, այդ թվում, Հայաստանը, Լեհաստանը, Իտալիան, Ղազախստանը, Ռուսաստանը, Իրանը։ Փառատոնի ամենակարևոր չափանիշը, ըստ Կարո Բալյանի, որակն է և նորարարությունը․ նոր էքսպերիմենտները հայտնի թատերախմբերի մատուցմամբ։
Փառատոնն ընթանում է նոյեմբերի 1-5 և երևանյան 7 բեմահարթակներում ցուցադրվելու է 10 ներկայացում:




























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
