Կռիլովյան հայտնի առակը, որպես նոր Հայաստանի իրականության արտացոլանք

Հետիշխանափոխական Հայաստանի մասին խոսելիս ակամա հիշում ես հայտնի կռիլովյան առակը՝ կարապի խեցգետնի ու գայլաձկան մասին։ Իշխանափոխության, կամ այսպես կոչված, հեղափոխության օրերին հասարակությունը հույսով լցված էր, ուրախացած, որ հաղթահարում է սերժական տիրապետությունը ու նոր էջ բացում իր պատմության մեջ, որը գրելու էր սեփական ձեռքերով։ Սակայն հետագա ժամանակահատվածը, որն արդեն ավելի քան մեկ ու կես տարի է ձգվում, ցույց տվեցին, որ տասնամյակներով փայփայած հույսերի մեծ մասը այդպես էլ կմնան անկատար, իսկ իրականությունը գուցե ավելի մռայլ լինի, քան որ Սերժի ժամանակ էր։ Որեւէ մեկը չի փորձում պաշտպանել Սերժի ժամանակները։ Պատմությունն ինքն է ամեն մեկին ըստ արժանվույն գնահատելու։ Սակայն այդ ժամանակներում գոնե կար ինչ որ կարգավորվածություն, կանխատեսելիություն, իսկ հիմա, ֆիզիկայի տերմինաբանությամբ ասած՝ բրոունյան քաոս է, կամ հայտնի կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին պատմող առակի իրականությունը։ Բոլորը խոսում են պայծառ ապագայից ու բոլորը սայլը, որ կոչվում է Հայաստան, քաշում են իրենց պատկերացրած պայծառ ապագայի ուղղությամբ, իհարկե չմոռանալով բոլորը բոլորին դեմ են սկզբունքի համեմատ, մեկմեկու «փչացնել», «ցեխ շպրտել», բարոյապես ոչնչացնել /փառք Աստծո, դեռ բարոյապես են ոչնչացնում եւ ոչ ֆիզիկապես, սրա համար էլ պետք է շնորհակալ լինել/։ Ու բոլորը մոռացել են, որ ժամանակակից աշխարհը շարժվում է կարգավորվածության ու կանխատեսելիության սկզբունքներով ու չես կարող դեմ լինել բոլորին ու հուսալ, որ կդիմանաս աշխարհի վերադասավորման այս շրջապտույտում։ Չես կարող պարզապես քեզ թշնամացնել բիզնեսը՝ պատին ծեփելով ու ասֆալտին փռելով, ու ակնկալել, որ ներդրումներ կարվեն, չես կարող սփյուռքահայ գործարարների վրա գործեր հարուցել, ու ակնկալել հայրենադարձություն, չես կարող եկեղեցուն վնասել ու ակնկալել, որ հավատացյալները քեզ կաջակցեն, կամ սփյուռքի հետ լեզու կգտնես, որքան էլ գործակալիդ ուղարկես մի համայնքից մյուսը։ Պարզապես այդպես չի լինում։ Դա անիմաստ աշխատանք է, ուժերի ջլատման տանող, որը ի վերջո, որպես պետականության կորուստ է ուղտի պես չոքելու դռանդ։ Չես կարող Ալիեւին ասել բարեկիրթ ու հայտարարել, որ Արցախը Հայաստան է, չես կարող ակնկալել որ Արցախը քեզ կաջակցի, երբ Արցախի նախագահին պարոն մարզպետ ես անվանում, մի բան, որի համար գոնե ԱՄՆ-ն Ֆրանսիան ու Ռուսաստանը կարող են ձգել ականջներդ, որովհետեւ Արցախի հանդեպ օրինական մանդատ, որպես հակամարտության կարգավորման միջնորդներ, որպես ՄԱԿ ԱԽ-ում վետո-ի իրավունք ունեցող երկրներ նրանք ունեն, որ բոլոր քայլերդ պետք է նայես, որ չհակադրվի կարգավորման տրամաբանությանը, այլապես քեզ կարող են կես ժամում դարձնել ագրեսոր ու մեկուսացնել շատ ավելի վատ, քան Փհենյանի դիկտատորին։ Առանց այն էլ շատ ժամանակ է վատնվել, ու հիմա ժամանակն է, որպեսզի դուրս գաս կռիլովյան առակի իրականությունից ու գոնե փորձես սրբագրել սխալներդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )