«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին
Մայիսի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա
հոբելյանին։ Շվեյցարական Authentic Light Orchestra-ն /երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով/ հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։
Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհը և հանդես եկել հեղինակավոր դահլիճներում: Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը եւ Միքայել Ոսկանյանը:
Հավելենք, որ համերգին մաանակցում էին նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյանի ղեկավարությամբ:
Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտիինստրումենտալիստ Վալերի Տոլստովի կողմից 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական եւ դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Սաունդթրեքը ձայնագրվել է Authentic Light Orchestra-ի եւ String Orchestra-ի հետ Մոսկվայում, Mosfilm-ի ստուդիայում:
Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդեւ (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյան (շեփոր), Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):
Շարունակելով հոբելյանական համերգների շարքը «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված
մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։