AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է, որ COVID-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել

AstraZeneca  միջազգային դեղագործական ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը COVID-ի դեմ կարող է հազվադեպ կողմնակի ազդեցություն ունենալ՝ թրոմբոզ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով։ Այս մասին գրել է Telegraph-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։

Ինչպես նշել է պարբերականը, ընկերության դեմ հավաքական հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութը լուրջ վնաս է պատճառել պացիենտներին կամ հանգեցրել է մահվան։

«Պատվաստանյութը կարող է շատ հազվադեպ առաջ բերել թրոմբոզ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով (TTS)։ Պատճառներն անհայտ են»,- թերթը մեջբերում է կատարել այն փաստաթղթից, որն ընկերությունը ներկայացրել է դատարան փետրվարին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ Լոնդոնի Բարձր դատարան 51 հայց է ներկայացվել, տուժածները եւ նրանց հարազատները պահանջում են վնասի փոխհատուցում, գումարը կազմում է մոտ 125 մլն դոլար։

Թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզը հանգեցնում է թրոմբների առաջացման եւ թրոմբոցիտների քանակի նվազման, նշել է թերթը։

Share This