Կրոնական բովանդակություն ունեցող առարկայի ուսուցումը դպրոցում պարտադիր է 21-րդ դարի քաղաքացի դաստիարակելու համար

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցն, ըստ ամենայնի հավակնում է դառնալ ներկա իշխանությունների համար նոր փորձություն։ Բանն այն է, որ դեռ իր պաշտոնավարման սկզբից կրթության ոլորտը կառավարող նախարար Արայիկ Հարությունյանը ազդակներ էր հղել, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվելու է դպրոցական առարկայացանկից։ Սակայն դեռ այն ժամանակ բավական սուր արձագանքներ եղան, ու իշխանությունը որոշեց, «իջնել ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը»։ Հիմա, երբ կաթողիկոսը մեղմ ասած արդեն իշխանության «գրպանում է», կրկին ասպարեզ է բերվում առարկայի լինել-չլինելու հարցը։ Առարկայի ուսուցումն, ինքնին վատ երեւույթ չէ։ Ավելին, Արեւմուտքում էլ Ռուսաստանում էլ հետսովետական մյուս երկրներում էլ իսլամական աշխարհում էլ ընդունված պրակտիկա է կրոնական բովանդակություն ունեցող առարկայի դասավանդումը։ Ավելին, ամերիկյան կրթակարգում օրինակ կրոնը նաեւ համալսարանական ուսուցման համար պարտադիր կրեդիտների մաս է կազմում, նույնն է նաեւ Եվրոպայում։ Իհարկե, խնդիրը առարկայի, դասավանդման մեթոդների, մատուցման ձեւի բարեփոխմանը եթե առնչվի, ապա կարելի է գնալ փոփոխությունների բարեփոխումների։ Օրինակ, կարելի է առարկան դարձնել առհասարակ կրոնների պատմություն, շեշտելով քրիստոնեության ու Առաքելական եկեղեցու պատմության բաղադրիչը, սակայն ներառելով նաեւ այնպիսի բաժիններ, ինչպիսիք են իսլամը, եզդիականությունը, բուդդայականությունը, հնդուիզմը, քրիստոնեական մյուս դավանքների պատմությունները եւ այլն։ Սա, եթե անկեղծ մոտենանք հարցին, ապա նույնիսկ անհրաժեշտ է։ Սակայն առարկան առհասարակ ոչնչացնելը, այն ողջ ձեռքբերումներով հանդերձ, որ այսքան տարիներ գրանցել է մատաղ սերնդի կրթման ու մարդակերտման գործում, արդեն, թող ներվի ասել, անմարդկային է։ Ավելին, այսօր երբ կրոնը դառնում է քաղաքականության մի մաս ու ազդեցիկ մաս, կրոնական առարկա չունենալը պետական կրթական համակարգում, պարզապես աններելի է։ Ի վերջո, որտեղ է երեխան սովորելու, թե ինչպես հարգի ու ընդունի իր հարեւան, դասընկեր, ընկեր քուրդ կամ եզդի կամ արաբ կամ հնդիկ կամ ռուս, կամ հույն հասակակցի հավատքը, ավանդույթները, ծեսերը, տոները։ Եթե մենք ուզում ենք ունենալ մշակույթների խաղաղ գոյակցություն ունեցող երկիր, ապա պետք է այդ մշակույթների հիմք կազմող կրոնական համակարգերի հանդեպ գիտելիքն ու հարգանքը սովորեցնենք դպրոցից։
