Պոմպեոն համաձայն չէ, որ Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ ցեղասպանություն է իրականացվել
Միացյալ Նահանգները չունի տեղեկություններ, որոնք հաստատում են թուրքական զինուժի կողմից Սիրիայի քրդերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Fox News-ին տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոմպեոյին հարցրել են՝ կիսում է արդյոք տեսակետը, որ Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ իրականացված գործողությունները ցեղասպանություն են, նա պատասխանել է. «Մեզ հասած տեղեկությունները հակասում են մոտեցմանը»:
«Մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը: Թուրքիայի ղեկավարությունն իր վրա իրական պարտավորություններ է վերցրել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսի և իմ առջև, և մենք մտադիր ենք ապահովել այդ պարտավորությունների կատարումը»,- հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում հարվածներ էին հասցվել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն» էր և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը:
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:
