Մարիամ Փաշինյանը որքան է ուսումնասիրել հոր լրագրողական անցյալը

Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը կրկին որոշել է դաս տալ մամուլին։ Նա մասնավորապես գրել է․ «Գնալով ավելի եմ համոզվում, որ մեդիա դաշտը Հայաստանում խորքային և էական բարեփոխումների կարիք ունի։ Անհասկանալի է, թե ինչպես են որոշ կայքեր, աշխատելով նույն պայմաններում, նույն շուկայում, ունենալով նույն թիրախային շուկան էականորեն տատանվում իրենց եկամուտների և շահույթի մեջ, իսկ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կայուն մոդել: Սա մի բան է վերահաստատում. որ ոլորտը «կաշառված» է, ոլորտում շատերը ծառայում են X խմբերի կամ պաշտպանում X խմբի շահերը:Իհարկե նախկինում էլ սա արդիական էր, սակայն սոցիալական ցանցերի լայն օգտագործումը, օգտատերերի և կայքերի թվի աճը պարզապես խորացրել են նախկինում ծառացած խնդիրները»։ Ըստ ամենայնի ոգեւորվելով Ստյոպա Սաֆարյանի երեկվա հայտնի հայտարարություններից, մամուլը յուրայինի ու թշնամու բաժանելու քայլերից, որոշել է հետ չմնալ ու ինքն էլ ինչ որ բան ասած լինել։ Պետք է արժանին մատուցել Մարիամին ու ասել, որ կեցցե նա, որ ի վերջո բացահայտեց, որ Ստյոպա Սաֆարյանն ընդամենը գործնականում կիրառեց այն, ինչ գաղափարապես մշակվել էր Փաշինյանների ընտանիքում։ Մյուս կողմից կրկին պետք է հետ գնալ ու հարցնել, իսկ Մարիամ Փաշինյանը, երբ խոսում է ինչ որ խմբերի ու անհատների շահերի սպասարկման մասին, արդյոք բավարար չափով տեղեկացված է սեփական հոր՝ Նիկոլ Փաշինյանի լրագրողական կարիերայից, ու արդյոք իր դատողությունները անելիս նաեւ այդ փորձառությունն է կիրառում։ Չէ, որ ասում են, որ Փաշինյան Նիկոլ լրագրողն էլ առանձնապես անբասիր լրագրողական անցյալ չի ունեցել։
