«Մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում շոկոլադ տալ, հատկապես եթե նրանք ալերգիա ունեն,- ասում է մանկաբույժ Ներսիսյանը,- Այն նպաստում է քաշի ավելացմանը, կարիեսի առաջացմանը, թարախաբշտերի և այլ հիվանությունների ի հայտ գալուն»:
Ըստ մասնագետի՝ մինչև երկու տարեկան երեխաների մոտ շոկոլադը կարող է նաև անքնություն առաջացնել և պատճառ դառնալ, որ գիշերը և՛ մայրիկը, և՛ փոքրիկը չքնեն: Մանկաբույժը նշում է, որ փոքրիկների մոտ շոկոլադը կարող է առաջացնել նաև փորկապություն, ուստի ցանկալի է մինչև երկու տարեկան հասակը հնարավորինս խուսափել շոկոլադ օգտագործելուց:
Շատ մայրերի հուզում է հարցը, թե արդյոք շոկոլադը փչացնում է ատամները: Բժիշկ Ներսիսյանը նշում է, որ ատամների համար վնասակար է շաքար պարունակող շոկոլադը։ «Կակաոյի փոշին ունի այնպիսի հատկություն, որը մինչև անգամ կանխում է կարիեսի առաջացումը, բնականաբար սա վերաբերում է դառը շոկոլադին, իսկ շաքարը, որ օգտագործվում է շոկոլադե սալիկների պատրաստման ժամանակ, իսկապես վնասում է ատամները»,-ասում է նա:
Որպեսզի նվազեցվի շաքարի ազդեցությունն ատամների վրա, ըստ մանկաբույժի, պետք է քաղցր օգտագործելուց հետո անպայման լվանալ ատամները:
«Եթե ոչ մի կերպ չէք կարողանում Ձեր փոքրիկին զրկել այդ հաճույքից, քանի որ նա մի քանի անգամ արդեն փորձել է և չի դիմանում գայթակղությանը, ուրեմն մատուցեք փոքր չափաբաժնով և աստիճանաբար հասցրեք նվազագույնի»,-խորհուրդ է տալիս մասնագետը՝ միաժամանակ նշելով, որ իրական կաթնային շոկոլադը, որը չունի շաքարային հավելում, մինչև անգամ կարող է օգտակար լինել փոքրիկի օրգանիզմին, քանի որ նաև կալցիում է պարունակում, սակայն բավական բարդ է գտնել մաքուր շոկոլադ:

Որպես կանոն՝ փոքրիկները շատ են սիրում շոկոլադ, մայրիկներն էլ հաճախ փորձում են շոկոլադի օգտագործումը նվազագույնի հասցնել` վախենալով դրա վնասակար ազդեցությունից: Այս առումով երեխաներին շատ հաճախ երես են տալիս տատիկները՝ մայրիկից գաղտնի շոկոլադե սալիկ կամ կոնֆետ տալով փոքրիկին՝ պատճառաբանությամբ, թե «մեղք է, աչքը չմնա մեջը»։