Բուսական կաթի չափից ավելի օգտագործումը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ
Գրանցված դիետոլոգներ Քիմբերլի Հոմերը, Շերի Բերգերը և Ելենա Ուիլերը ասում են, որ ընկույզների, բուսական կաթի և արհեստական քաղցրացուցիչներով նախուտեստների օգտագործումը կարող է հանգեցնել ախորժակի վերահսկումը կորցնելուն և քաշի ավելացման, հայտնում է Daily Mail-ը։
Սննդաբան Հոմերը նշել է, որ շատ մարդիկ, որոնք ցանկանում են նիհարել, չեն հետևում ընկույզի քանակին, որն ուտում են: Նուշը, պնդուկը, հնդկական ընկույզը և այլ ընկույզները հարուստ են առողջարար սննդանյութերով, բայց դրանք նաև բավականին բարձր են կալորիաներով և ճարպերով: Մասնագետը պարզաբանել է, որ նուշով լի փոքր բաժակը կարող է գերազանցել շոկոլադե սալիկի էներգետիկ արժեքը, ուստի պետք է զգույշ լինել ընկույզներ ուտելիս։
Նույն պատճառով էլ Ելենա Ուիլերը խորհուրդ չի տալիս տարվել կովի կաթի բուսական ծագմամբ փոխարինողներով։ Արտադրանքի համը բարելավելու համար արտադրողները կարող են դրան ավելացնել շատ շաքար: Բացի այդ, կաթի բուսական անալոգները հաճախ պատրաստվում են ընկույզից, ինչը պայմանավորված է դրանց բարձր յուղայնությամբ:
Սննդի փորձագետ Շերի Բերգերի կարծիքով՝ պետք է նաև սահմանափակել սննդակարգում քաղցրացուցիչներով նախուտեստների քանակը: Բանն այն է, որ «դիետիկ» մթերքներ օգտագործելիս շատերն ավելի շատ ուտելու ցանկություն են ունենում։ Նաև սպիտակուցային սալիկների արհեստական քաղցրացուցիչները, ցածր կալորիականությամբ պաղպաղակը և «առողջ» մթերքների այլ տեսակներ կարող են խաթարել քաղցի բնական ընկալումը և ախորժակի աճ առաջացնել:
