Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից. ՍԱՏՄ պարզաբանումը

Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:

Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝

-գլխացավ, ցրվածություն,

-գիտակցության մթագնում,

-սրտխառնոց, փսխում, փորլուծություն,

-յուրահատուկ հոտով շնչառություն,

-հաճախասրտություն,

-շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն,

-դյուրագրգռվածություն,

-աչքերի գրգռվածություն,

-մաշկի վնասվածք՝ խոցեր,

-մեզում/կղանքում արյան հետքեր:

Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝

1) Շնչառական ուղիներով`

-վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),

-առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:

2) Մաշկի միջոցով՝

-թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,

-թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,

-աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:

3) Մարսողական համակարգի միջոցով՝

-թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,

-թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,

-օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,

-թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,

-այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:

Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:

Share This