Չավի․ Կատարյալ հանդիպում ստացվեց մեր խաղային փիլիսոփայության տեսանկյունից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Լա Լիգայի 29-րդ տուրի արտագնա խաղում։

«Թերեւս, ամենաամբողջական խաղն էր այս մրցաշրջանում։ Այս հանդիպումը նման էր «Նապոլիի» հետ մեր նախորդ դիմակայությանը։ Լավ հասկացանք խաղը։ Լեւանդովսկին շատ ակտիվ էր, Ֆերմինը, Ֆելիշը հրաշալի խաղացին։ Գերազանց էինք գրոհում ազատ գոտիներում։ Կատարյալ հանդիպում ստացվեց մեր խաղային փիլիսոփայության տեսանկյունից։

Մենք «Բարսելոնան» ենք, այստեղ ոչ ոք չի թուլանում։ Ես ավելի մեծ ճնշում կգործադրեմ ֆուտբոլիստների վրա, հատկապես, հաշվի առնելով, որ ես հեռանում եմ։ Մենք կձգտենք ավելի լավացնել խաղը եւ պայքարել երկու ամենակարեւոր տիտղոսների համար։ Մենք պետք է ավելին պահանջենք ֆուտբոլիստներից»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» 64 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր գերազանցում է երրորդ տեղ նահանջած «Ժիրոնային», որն այս տուրում 0:1 հաշվով պարտվել էր «Խետաֆեին»։ «Աթլետիկոն» 5-րդն է՝ 55 միավոր։ Առաջատար «Ռեալը» վաստակել է 72 միավոր։

Share This