Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է մոտ 100-ի
Հոկտեմբերին Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, գրում է korrespondent.net-ը:
Եվս տասը մարդ անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը տուժած շրջանների մի մասը հայտարարել էր աղետի գոտի, ինչը նախարարների կաբինետին հնարավորություն է տվել էապես ավելացնել վերականգնողական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվող ծախսերը:
Ըստ հաղորդման՝ միջոցները կուղղվեն ճանապարհների և կոյուղու համակարգերի վերականգնմանը, գետերի ափերի ամրապնդմանը, գյուղատնտեսական հողերի վերականգնմանը:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենաուժեղ թայֆունը, որն ուղեկցվել է փոթորկոտ քամիներով և տեղատարափ անձրևներով, Ճապոնիայում մոլեգնել է հոկտեմբերի 12-ին: Թայֆունի հետևանքով ափերից դուրս են եկել երկու տասնյակ գետեր, հեղեղվել են Տոկիոյի ծայրամասերից մինչև Նիիգատա քաղաքն ընկած շրջանները:
Վերջին գնահատականների համաձայն՝ երկրի 21 պրեֆեկտուրայում ավելի քան 77 հազար բնակելի տուն մասամբ վնասվել է կամ ամբողջությամբ ավերվել: Առավել մեծ ավերածություններ են գրանցվել Ֆուկուսիմա, Իբարակի և Իվատե պրեֆեկտուրաներում։
