ԿԳՄՍ նախարարն Արմինե Դավթյանին պաշտոնից ազատել է երկու հրամանով. նա դիմել է դատարան ու ստիպված երկուսն էլ բողոքարկում է

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության: Նա պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանները, վերականգնել նախկին պաշտոնում եւ բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը:
Երբ Արմինե Դավթյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հրամանների մասին է խոսքը, նա նշեց, որ Արմինե Դավթյանին պաշտոնից ազատելու երկու հրաման է եղել: Ասաց, որ դա իր համար էլ է զարմանալի, սակայն հետագայում խնդիրներից եւ թյուրիմացություններից խուսափելու համար՝ հայցադիմումի մեջ «հրաման» բառը հոգնակի է նշվել՝ այդպիսով երկու հրամանն էլ բողոքարկելով:
Փաստաբանի խոսքով՝ շաբաթներ առաջ տեղի ունեցած իրադարձությունը չի կարող ընդհանրապես որեւէ հիմք հանդիսանալ՝ կարգապահական վարույթ հարուցելու համար:
«Մեր տեսակետն այն չէ, որ տեղի է ունեցել խախտում կամ խախտման ծանր կամ նվազ խնդրահարուց լինելը: Խնդրահարույց ընդհանրապես կարգապահական խախտումն է, որովհետեւ յուրաքանչյուր ռացիոնալ մարդ, երբ տեսնում է այդ տեսանյութը կամ իրադարձությունը, հասկանում է, որ փոքր ջրում փոթորիկ է տեղի ունեցել, իրականությանը չհամապատասխանող փաստակազմ է իրար հետեւից կուտակվել՝ ձնագնդի էֆեկտով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դեպքի հետ կապված, երբ տեսնում են հիմքերը, պարզ է դառնում, որ այնտեղ որեւէ առիթ չկա՝ անձի վարքագծին այդպիսի մեկնաբանություն տալու:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի՝ ուղիղ եթերում արված դիտարկումները համացանցում լուրջ քննարկումների առիթ դարձան: Վերջինս խոսել էր հայելային արտացոլման մեթոդի մասին եւ թե ինչպես է այն աշխատում հատկապես վարքի խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: «Փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը, ես չեմ ասում՝ տեղի-անտեղի երեխային խփում եմ, քավ լիցի, նման բան չկա, ծայրահեղ դեպքերում, եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ»,- նման մեկնաբանություններ էր արել Դավթյանը, որին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքեցին ինչպես օգտատերեր, այնպես էլ ոլորտի մասնագետներ:
Միջադեպի առիթով՝ հայտարարությամբ էր հանդես եկել ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ իրավիճակը պարզաբանելու նպատակով՝ նախարարությունը սահմանված կարգով բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն միջոցներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները՝ որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի տնօրենի՝ հաշվի առնելով հանդիպման ընթացքում հնչած հիմնավորումները, մասնագիտական եզրակացությունները եւ Դավթյանի առաջարկած մեթոդների անընդունելիությունը նախարարության համար:
