Բելգիայի կառավարությունը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի
Կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, Բելգիայի թագավոր Ֆիլիպը երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակել բյուջեի և պետծառայության հարցերով նախարար Սոֆի Վիլմեսին: Այս մասին տեղեկացնում է dw.com կայքը:
Վիլմեսը դարձել է առաջին կինը, որը կգլխավորի Բելգիայի Թագավորության կառավարությունը: Նա այս պաշտոնում կփոխարինի «Բարեփոխումների շարժում» կուսակցության ղեկավար Շառլ Միշելին: Վերջինս ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում և կանցնի իր պարտականությունների կատարմանն այս տարվա դեկտեմբերի 1-ից: Բելգիայի վարչապետի պաշտոնակատարը հարում է լիբերալիստական քաղաքական թևին:
2018 թվականի դեկտեմբերին Բելգիայում կառավարական ճգնաժամ սկսվեց: Ազգայնական պահպանողական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի հարցով վարչապետի հետ անհամաձայնությունից հետո դուրս եկավ կոալիցիոն իշխանությունից: Այդ դեպքից հետո երկրում առաջացավ փոքրամասնության իշխանություն, որտեղ իշխանությունը խորհրդարանում հույսը պիտի դներ ընդդիմադիր ձայների վրա: Շառլ Միշելն այդ ժամանակ հրաժարական ներկայացրեց, սակայն թագավորը չընդունեց այն:
2019 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները խորացրին ֆլամանդացիների և վալոնների միջև քաղաքական ճեղքվածքը՝ առաջինները քվեարկեցին աջ կողմնորոշում ունեցող կուսակցությունների օգտին, իսկ երկրորդները՝ ձախ: Ամենաշատ ձայները ստացավ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, ում օգտին քվեարկեցին ընտրողների մոտ 16%-ը, իսկ ծայրահեղ աջ «Ֆլամանդական շահ» կուսակցությունը զգալիորեն բարելավեց իր դիրքերը՝ հավաքելով ձայների 12%-ը:
