Հրդեհների քանակն էապես ավելանում է վերջին տարիներին, օրինակ՝ 2019-ին 2018-ի համեմատ 77 տոկոս աճ կա․ ԱԻՆ փոխնախարար
Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2020 թ-ի բյուջեով հատկացվել է 15 մլրդ 184 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 615 մլն դրամով ավելի է: Այս մասին 2020թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանը:
Վերջինիս խոսքով` բարձրացումը պայմանավորված է փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի, հավելավճարների, պարգևավճարների ավելացմամբ:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ օրեր առաջ Վանաձորի հյուսիսում` Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքները կատարելիս տեղի ունեցած դժբախտ դեպքին, որի ժամանակ մեկ հրշեջ-փրկարար զոհվել էր, ևս մեկը վնասվածքներով տեղափոխվել ԲԿ:
«Նախ՝ հերոս է պետք դիտել նման մարդկանց, և հետո`կա՞ հստակ համակարգված օգնության ֆոնդ, որ նման դեպքերում նույնիսկ քննարկում էլ չլինի այդ հարցով, օգնություն տրամադրվի»,-հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ համապատասխան որոշմամբ սահմանված է` ծառայողական պարտականությունները կատարելիս դժբախտ պատահարի դեպքում պետությունը հոգածության պարտավորություն ունի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հետաքրքրվեց հրդեհների քանակով և արդյոք փրկարար ծառայությունն ունի՞ համապատասխան տեխնիկա, կարիք կա՞ ուղղաթիռների, որպեսզի փրկարար ծառայությունն ավելի արագ ու պատշաճ կատարի իր գործունեությունը, որին ի պատասխան Նազարյանը նշեց՝ հրդեհների քանակն էապես ավելանում է վերջին տարիներին, օրինակ 2018-ին արձանագրվել է 4345 հրդեհի դեպք, իսկ 2019-ին` 7678, այսինքն՝ 77 տոկոս աճ կա:
«Ինչ վերաբերում է պատշաճ արձագանքման հնարավորություններին, մենք համագործակցում ենք Ճապոնիայի կառավարության հետ, համապատասխան հրշեջ տեխնիկա են տվել մեզ` 15 մլն դոլարի շրջանակներում: Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի միջոցով ՌԴ-ից 36 տեխնիկա կտրվի: Միշտ նման ծրագրերը, որոնք մեծ միջոցներ են պահանջում, դոնորների միջոցով ենք անում»,-ասաց Նազարյանը:
Փոխնախարարի խոսքով` ուղղաթիռների կարիք կա, սակայն երկու հանգամանք պետք է հաշվի առնել` փրկարարական ու հրդեհաշիջման տեսանկյուններից: Եթե հրդեհաշիջման տեսանկյունից կարող է արդյունավետ չլինել, փրկարարական առումով կարիքը կա:
