ԲՀԿ-ում կարող է քննարկվել Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման մասին հարցը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկություն ունի խմբակցությունում բարձրացնելու Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։

«Ես մեծ հաճույքով կբարձրացնեի հարցը, բայց որոշում դեռ չկա, ընդամենը մենք կարծիք ենք հայտնել, որ եթե երկրում երկակի ստանդարտներ չեն կիրառվում, եթե Հրայր Թովմասյանին մեղադրում են կարգապահական խախտման մեջ, ուրեմն պետք է ուշադիր լինեն ՍԴ այն դատավորի նկատմամբ, որը բացարձակ չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,-ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ եթե խոսում ենք օրինականության, երկրում սահմանադրական արդարադատությունը կատարելագործելու, երկրում արդարության մթնոլորտի հաստատման մասին, ապա ինչու՞ իշխանությունը կամ «Իմ քայլը» խմբակցությունը չի արձագանքում ՍԴ այն դատավորի վարքագծին, որն անգործության է մատնված։

«Վահե Գրիգորյանն իրեն ազատել է սահմանադրական արդարադատությամբ զբաղվելու գործից, իր առաքելությունը տեսնում է «Ֆեյսբուքյան» գրառումներ անելու, գրառումներին պատասխանելու, քաղաքական կարծիքներ հայտնելու մեջ։ Իմ կարծիքով, նման դատավոր ունենալը մեր բյուջեի համար շռայլություն է։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողը մեկ օր բացակայելու համար կարող է ազատվել աշխատանքից, ապա ինչու՞ բարձր դատարանի անդամը աշխատանք չի կատարում ու շարունակում է պաշտոնավել, ո՞րն է այստեղ արդարությունը»,-ասաց նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )