Իշխանությունները եվրոպացիներին են մեղադրում. անհարմար իրավիճակ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում և մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, թե Սահմանադրական դատարանն անմասն չէ բացասական գործընթացներից և ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության և նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ:
«Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության և կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,-մասնավորապես՝ հայտարարել է Միրզոյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ այն լուծումը, որ իրենք կգտնեն Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին և օրենքի ոգուն համապատասխան:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն, իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադառնալով Հայաստանում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգությունն էր հայտնել Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով գործող իշխանություններին հավատարիմ մնալ Սահմանադրությանը, երաշխավորել իշխանությունների հավասարակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները: Դոլը նաև հորդորել էր Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել այն բոլոր հնարավոր զարգացումները, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, մեկնաբանելով Դոլի հայտարարությունը, հավաստիացրել է, թե առաջին հերթին ԱԺ-ն, հասարակությունն է մտահոգված ՍԴ իրավիճակով, որովհետև Հայաստանը, ըստ էության, ՍԴ չունի, և որ իրենք այդ հարցում համագործակցում են Վենետիկի հանձնաժողովի, Եվրամիության հետ: Եվրախորհրդում էլ այդ հարցը խորհրդակցվում է: Միաժամանակ Իգիթյանը Դոլի հայտարարությունները համարել է ՀՀԿ-ի կողմից տարված հատուկ աշխատանքի արդյունք. իբր ցանկալիին հասնելու համար Հանրապետականը, որ եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ ԵԺԿ անդամ է, կեղծ ինֆորմացիա է տրամադրել եվրոպացիներին:
Իհարկե, Իգիթյանի արձագանքը միանգամայն սպասելի էր. վերջիվերջո Դոլը բացահայտորեն դատապարտել է գործող իշխանություններին ակնհայտ կամայականություններ թույլ տալու ու գործող Սահմանադրությունը հողին հավասարեցնելու համար, ինչը, բնականաբար, պետք է ինչ-որ կերպ մեկնաբանվեր իշխանությունների կողմից: Ակնհայտ է, սակայն, որ ներկայացված բացատրությունները չեն կարող վստահություն ներշնչել, քանի որ դրանք, ըստ էության, դավադրությունների յուրատեսակ տեսություն են հիշեցնում ու հիմնվում այն սխալ մտածմունքի վրա, թե իբր եվրոպացիներն այնքան անտեղյակ են Հայաստանում ընթացող պրոցեսներից ու իրերի իրական դասավորությունից, այնքան կողմնակալ, որ կարող են ենթակա լինել ինչ-որ մանիպուլյացիաների: Մինչդեռ Արևմուտքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խորքերին շատ ավելի է ծանոթ, քան, գուցե, նույն Իգիթյանը:
Նկատենք, որ ՍԴ-ին միառժամանակ առաջ իր աջակցությունն էր հայտնել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, ով խոսել էր դեսպանատան ու ՍԴ գործակցության մասին՝ ակնկալելով շարունակականություն:
Իգիթյանի վերոհիշյալ հայտարարություններից կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Գերմանիայի դեսպանի պարագայում նույնպես նա համարում է, որ Թովմասյանին հայտնած աջակցությունը դեսպանի՝ ՀՀԿ-ի կողմից «հավաքագրված» լինելու արգասիք է…
Կարծել, իհարկե, կարելի է շատ բան, սակայն գլխավոր հարցն այս պարագայում, թերևս, բոլորովին այլ է: Հարցը հետևյալն է՝ իշխանությունները որքանո՞վ ականջալուր կլինեն այն ազդանշաններին, որոնք հղվում են արևմտյան համապատասխան շրջանակների կողմից: Դատելով նույն Արարատ Միրզոյանի բոցաշունչ ելույթից՝ իշխանություններն ակնհայտորեն մտադիր չեն կանգ առնել, և դեռ ավելին՝ ցանկանում են բացահայտ ապօրինություններն Արևմուտքին մատուցել որպես ժողովրդավարության կերտմանը միտված գործողությունների փունջ, որին պարզապես այլընտրանք չկա:
Մինչդեռ ստացվող ազդակները հուշում են, որ պաթետիկ ելույթներով տարվելն իշխանություններին ոչ մի լավ տեղ չի տանելու. այդ ելույթները չէ, որ պետք է բացահայտեն Հայաստանում հաստատված ամենաթողության իրական դեմքն ու այն վտանգները, որոնք անխուսափելիորեն կախվելու են պետության գլխին, եթե սեփական ապօրինի գործողությունները ժողովրդավարության քողի տակ շղարշել փորձող հեղափոխականները չսթափվեն, չդադարեն աշխարհը սեփական արշինով չափել:
Վարդգես Սարգսյան
